Արմեն Գևորգյանը չի բացառում, որ իր իրավունքները պաշտպանելու համար կդիմի միջազգային ատյաններ

ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գևորգյանը չի բացառում, որ իր իրավունքները պաշտպանելու համար կդիմի միջազգային ատյաններ։

Ինչպես արդեն հայտնել էինք, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ ինքնաբացարկի միջնորդությունը։ Փաստաբանը կրկին պահանջել է ներկայացնել բոլոր նյութերն ու նիստերի ձայնագրությունները, ինչպես նաև խնդրել ժամանակ հատկացնել նյութերին ծանոթանալու համար։ Ստանալով հերթական մերժումը՝ փաստաբանը լքել է նիստերի դահլիճը։ Մեկնաբանելով փաստաբանի հեռացումը՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնել է, որ պաշտպանությունը չարաշահում է իր իրավունքները, ինչը կարող է հանգեցնել մեղադրյալ կարգավիճակի վատթարացման։

«Ես ճի՞շտ եմ հասկացել, որ մինչ այս պահը իմ իրավունքները փայլուն կերպով իրականացվել են։ Իսկ հիմա վա՞տ կլինի։ Դա ի՞նչ է, սպառնալի՞ք է»,-հետաքրքրվեց Գևորգյանը։ Դատախազի՝ բանավեճ սկսելու փորձին Գևորգյանը պատասխանեց, որ դիմում է դատարանին։

Գևորգյանը նշեց, որ իրավիճակի վատթարացման դեպքում կդիմի միջազգային ատյաններ, ինչը թույլ է տալիս իր կարգավիճակը։ «Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենան։ Եթե դատարանը մեկ ամիս առաջ ներկայացներ նյութերը, ինչպես խնդրել է դա անել փաստաբան Լուսինե Սահակյանը, ամեն ինչ կարգին կլիներ։ Եկեք փաստենք, որ իմ իրավունքները լավ են պաշտպանվել, սակայն դրանք չեն իրականացվել։ Ես կցանկանայի իմանալ՝ ինչպես դրանք կարող են վատանալ, որպեսզի եզրակացություններ արվեն և միջոցներ ձեռնարկվեն»,-նշեց Գևորգյանը, տեղեկացնում է News.am։