Իսրայելն անցկացնում է պատմության մեջ ՌՕՈՒ խոշորագույն զորավարժությունները

Իսրայելն անցկացնում պատմության մեջ ՌՕՈՒ խոշորագույն զորավարժությունները, որին միանում են մի քանի արևմտյան երկրներ և Հնդկաստանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի ղեկավարը մտադիր է ստուգել զորավարժությունները, հայտնում է Ynet-ը։

Իբրահիմ Նասեր Մուհամմադ ալ-Ալավիի այցը ԱՄԷ-ի զինվորական պաշտոնյայի առաջին այցն է հրեական պետություն այն բանից հետո, երբ երկու երկրներն անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր էին ստորագրել:

Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերացիայի ղեկավար Ամիր Լազարը լրագրողներին ասել է, որ զորավարժությունները «ուղղված չեն Իրանի դեմ», սակայն բանակի պաշտոնյաները հայտարարել են, որ իսլամական հանրապետությունը մնում է Իսրայելի գլխավոր ռազմավարական սպառնալիքը և գտնվում է նրա ռազմական պլանավորման մեծ մասի կենտրոնում: Իսրայելը 2013 թվականից ի վեր Նեգև անապատում երկու տարին մեկ անցկացնում է, այսպես կոչված, «Կապույտ դրոշ» զորավարժություններ։

Այս տարի մասնակից երկրների թվում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Գերմանիան, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, որի ինքնաթիռները 1948 թվականին հրեական պետության ստեղծումից հետո առաջին անգամ թռել են Իսրայելի տարածքով:

Լազարի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են ավելի քան 70 կործանիչներ, այդ թվում՝ Mirage 2000s-եր, Rafales-եր և F-16-եր, և անձնակազմի մոտ 1500 անդամ։ Թեև ԱՄԷ-ի ինքնաթիռները չեն մասնակցում զորավարժություններին, Լազարն ասել է, որ երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարի այցը «շատ նշանակալի է»:

Նա նշել է, որ «Կապույտ դրոշ» զորավարժությունները մասամբ ուղղված են տարբեր երկրների կողմից կառավարվող տարբեր տեսակի ինքնաթիռների համապատասխանեցմանը՝ մարտական անօդաչու թռչող սարքերի և այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Ըստ Լազարի՝ Իրանը կենտրոնացած է «ԱԹՍ-ների բանակ ստեղծելու վրա»։ Հնարավոր է, որ «երբևէ» զորավարժություններին մասնակցող երկրները «միասին աշխատեն»՝ «իրանական սպառնալիքին հակազդելու համար», հավելել է նա, տեղեկացնում է News.am։