Պաշտպանը` Չարչյանի գործի ընթացքի մասին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 22-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ իրավասու փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում»,–գրել է պաշտպանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:

«Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձևով պատասխանել դատարանի գրությանը և կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»,–գրել է Ալեքսանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։