Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսի բնակչի մեքենան

Այսօր ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի ավտոմեքենան, հարվածել մեքենային և, դուռը բացելով, փորձել են իջեցնել նրան մեքենայից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։

«Փորձել եմ կապ հաստատել այդ քաղաքացու հետ, բայց դեռ անհասանելի է։ Ինձ պատմեցին, որ ադրբեջանցիները շատ կոպիտ են խոսել մեր բնակչի հետ և փորձել են իջեցնել մեքենայից, բայց ռուս խաղաղապահները եկել և միջամտել են»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` մեքենայում 3-4 հասուն տղաներ են եղել։ Նրանք Գորիսից Կապան գնալիս են եղել և շարասյան առաջին մեքենան են եղել։ Դեպքը տեղի է ունեցել Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ ադրբեջանական հենակետ կա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։

Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ ՀՀ ԱԱԾ–ն կանգնեցնում է հայկական մեքենաները, շարասյուն կազմում և ուղեկցում, որպեսզի վարորդներն առանց խոչընդոտների անցնեն այդ հատվածով։