Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՔԱՆ ՀՐԱՏԱՊ ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼԸ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱԺ-ում անցկացված փակ քննարկման և երկրի անվտանգային հարցերի վերաբերյալ իր դիտարկումները։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս։

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածը` Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը` հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ:

Իրականում շփման գծում տիրող իրադրությունն ու սահմանազատման հետ կապված գործընթացները մի կողմից փոխկապակցված են, մյուս կողմից, երկու թեման էլ բավականի ծավալուն են և նույնիսկ 1,5 ժամվա բովանդակային քննարկումը բավարար չէ հասկանալու և ուրվագծելու պետության առաջիկա անելիքներն այս ուղղությամբ:

Սահմանազատման հետ կապված հարցն այսքան հրատապ օրակարգ բերելը չի բխում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կենսական շահերից: Այս շտապողականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները չեն դադարում, շարունակաբար սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ:

Անհասկանալի է նաև, թեՀայաստանի իշխանություններն իրեն նախաձեռնությամբ ինչու են սահմանափակում մեր երկրի բանակցային հնարավորությունները՝ հայտարարելով, որ սահմանազատման հիմքում պետք է դրվեն խորհրդային ժամանակահատվածի քարտեզները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Խորհրդային միության ժամանակահատվածում, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները տարբեր փոփոխությունների են ենթարկել և պարզ չէ, թե սովետական ժամանակաշրջանի ո՛ր թվականների քարտեզներով են առաջնորդվելու սահմանազատում իրականացնողները, պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվելու կոնկրետ ժամանակահատվածի քարտեզը:

Պետք է նաև արձանագրել, որ խորհրդային տարիների տարբեր տասնամյակների ընթացքում կատարված սահմանային փոփոխությունները արվել են խորհրդային Հայաստանի, խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային միության սահմանադրությունների խախտումներով և միջազգային իրավունքի առումով չեն կարող պարտադիր հիմք համարվել:

Կրկնում եմ՝ Հայաստանը չունի միազգային պարտավորվածություն՝ առաջնորդվելուխորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, իսկ առկա քարտեզները, որոնք որքան էլ կարևոր են ուղենիշային առումով՝ որպես բանակցային ելակետ, ինքնին իրավական ակտ չեն:

Անթույլատրելի եմ համարում այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանն, այսպես կոչված, սահմանային ճշգրտումներ է իրականացնում սահմանային տարբեր հատվածներում և մարտավարական ու ռազմավարական բարձունքներ զբաղեցնում, իսկ Հայաստանի իշխանություններն իրավիճակին պատշաճ չեն արձագանքում։

Միաժամանակ խորը մտահոգություն է առաջացնում իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքերի, այսպես կոչված, ադրբեջանական ակլավների մասին հայտարարություններ հնչեցնելը, որն Ադրբեջանի համար առավել ագրեսիվ գործելու և խաղարկելու հնարավորություններ է տալիս։ Այդ տարածքները ՀՀ տարածքներ են և կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։

Հայաստանը մտնում է չափազանց բարդ գործընթացի մեջ, որի հիմքում պետք է լինի մասնագիտական խորը վերլուծություն, քաղաքական նուրբ հաշվարկ և, իհարկե, ցանկալի արդյունքին հասնելու արդյունավետ ուղիներ, որոնք այս պահին իշխանությունների քայլերում որևէ ձևով չեն արտացոլվում:

Ինչ վերաբերում է շփման գծում տիրող իրավիճակին, ապա այն առաջին հերթին պետք է դիտարկել զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և, մասնավորապես, առաջնագծում նախատեսված փոփոխությունների, համակարգային վերանայումների և նոր մոտեցումներ որդեգրելու համատեքստում:

Երկրորդը պետք է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով վերլուծել իրադրային հնարավոր փոփոխությունների ռիսկերը, առաջ եկող սպառնալիքներն ու դրանց զսպումը, ինչպես նաև մեր հնարավորությունները՝ արդյունավետ դիմակայելու անվտանգային բոլոր կարգի խնդիրներին:

Առաջնագծի արցախյան և հայաստանյան ճակատում գրանցվող միջադեպերը և դրանց սոցիալ-հոգեբանական, քաղաքական, ռազմական ազդեցությունը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում ու Արցախում որևէ ձևով չի հաշվարկվում, դրա հիմքում չկա որևէ լուրջ վերլուծություն և ըստ այդմ՝ իշխանության իրականացրած միջոցառումները, կրավորական կեցվածքը որևէ ձևով չեն համապատասխանում իրադրային փոփոխություններին:

Սահմանազատման հետ կապված խնդիրներն ու շփման գծում տիրող իրադրությունը հանրային հետաքրքության և կարևորության իմաստով ավելի քան ակտուալ է, և այս հրատապ նիստի գլխավոր նպատակը մեր շուջ տեղի ունեցող բարդագույն գործընթացները հանրային քննարկումների դաշտ բերելն է ու իշխանությանը ստիպելը, որպեսզի զերծ մնան գործընթացի տապալումներից կամ այնպիսի ճանապարհ բռնելուց, ինչը Հայաստանին նոր ողբերգության առաջ կկանգնեցնի»,- գրել է պատգամավորը։

Aysor.am