Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԱՅՍ ՀԱՅՑԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼՎԻ ՈՉ ՈՐՊԵՍ ՁԵՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Թելագրամի իր էջում հրապարակել է հայտարարություն՝ մանրամասնելով այսօր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական  նիստին մասնակցելու պատճառով չի կարողացել խորհրդարանում իր հայտարարությունը անել։ Սյն կարևոր է համարում, ուստի տեղադրում է իմ ալիքում։

«44-օրյա պատերազմից հետո մինչ օրս, հայկական աշխարհը փոթորկված է և փորձում է հարմարվել հետպատերազմյան իրողություններին։ Մի մասը՝ պայքարում է, շատերը՝ արդարանում են, իսկ այլոք՝ գործում։ Շատ են նաև դիտորդները:

Այսօր ուզում եմ անդրադառնալ նրանց, ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը։ Եվ մեզնից պահանջվում է ո´չ միայն բարոյապես աջակցել նրանց. մեզնից պահանջվում է գործնական օժանդակություն։

Առաջինը, ինչի վրա ուզում եմ հրավիրել բոլորիս ուշադրությունը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն է՝ ուղղված Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների սիստեմատիկ և շարունակական խախտումների բացահայտմանը։ ՄԻՊ-ի ջանքերի շնորհիվ մեր հասարակությունը և միջազգային հանրությունը հրատապ և օբյեկտիվորեն տեղեկացվում են իրականության մասին, որը հաճախ դաժան է։

Երկրորդը Միջազգային քրեական դատարանում Հայաստանի հայցն է Ադրբեջանի դեմ։ Առաջին անգամ նման հեղինակավոր դատարանում հնարավորություն ենք ստանում ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների իրական հակահայկական էությունը։

Այս հայցը պետք է ընկալվի ոչ թե որպես ձևական գործընթաց, այլ, առաջին հերթին, հնարավորություն հայության համար՝ համախմբվելու և նպաստելու Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության բացահայտմանը և դատապարտմանը: Այս դատավարության արդյունքները ունենալու են որոշիչ նշանակություն մեր ազգային շահերի պաշտպանության համար և երկարաժամկետ ազդեցություն:

Հավատացեք, նշվածս բացի զգացմունքային լինելուց նաև խիստ պրագմատիկ և ռազմավարսկան խնդիր է: Այդ պատճառով կոչ եմ անում հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում՝ ցուցաբերել մեծ աջակցություն նշած գործընթացներին։

Մենք պետք է հասնենք այն ընկալմանը, որ հենց այս գործընթացների միջոցով կարող ենք գոնե մասնակիորեն վերականգնել մեր ազգային արժանապատվության զգացումը, ինչպես նաև՝ կորսված ինքնիշխանության և ամբողջականության ընկալումը։ Լավ տեղյակ լինելով հայկական աշխարհի ռեսուրսներին՝ վստահեցնում եմ, գրագետ և համակարգված աշխատելու, հարցերը ճիշտ ձևակերպելու դեպքում, մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների:

Սա նաև կոչ է՝ ուղղված պատգամավորներին, որպեսզի խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում այս գործընթացներին օժանդակելը դիտարկենք որպես առաջնահերթ խնդիր, ու միջազգային բոլոր հնարավոր ատյաններում ու շփումներում կենտրոնանանք այս հարցերի վրա»։

News.am