ԱՄՆ Կոնգրեսը կարգելափակի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ցանկացած փորձ

Երկու կուսակցություններից կոնգրեսականների խումբը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել չվաճառել Թուրքիային կործանիչները և հայտարարել, որ Կոնգրեսը կարգելափակի ցանկացած փորձ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրավոր դիմումի մեջ 11 օրենսդիրներ խորին մտահոգություն են հայտնել՝ կապված վերջին հաղորդագրությունների հետ,որոնցում ասվում է, որ Թուրքիան կարող է F-16 քառասուն կործանիչ գնել ԱՄՆ-ից և 80 հավաքածու այդ կործանիչների արդիականացման համար։

«Այն բանից հետո, երբ սեպտեմբերին նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հավելյալ խմբաքանակ ձեռք կբերի, մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել մեր ազգային անվտանգությունն ու ամերիկյան ինքնաթիռներ ուղարկել մեր դաշնակցին, որը շարունակում է իրեն դրսևորել որպես մեր թշնամի»,-ասվում է դիմումի մեջ։

Անկարան ավելի վաղ պատվիրել է ավելի քան հարյուր F-35 ռմբակոծիչներ, սակայն ԱՄՆ-ն բացառել է Թուրքիային F-35-երի ծրագրից 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական Ս-400-երի գնման պատճառով, տեղեկացնում է News.am։