Հայաստանում կբացվի Վատիկանի Առաքելական նվիրակություն

Այսօր Հայաստանում տեղի կունենա Վատիկանի Առաքելական նվիրակության բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցելու համար Երևան է ժամանել պատվիրակություն՝ Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետական քարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի գլխավորությամբ։

Այցին նվիրված ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է իրադարձության կարևորությունը Հայաստանի համար՝ որպես երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ «Նվիրակության բացումը նոր էջ է նշանավորում դիվանագիտական հարաբերություններում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և արձանագրել դրանք խորացնելու պատրաստակամությունը քրիստոնեական արժեքների, պատմության և մշակույթի ընդհանրության հիման վրա։ Քննարկվել են Հայաստանի նախագահի՝ վերջերս Վատիկան կատարած այցի արդյունքները և այն բանի կարևորությունը, որ փետրվարի 27-ը հռոմեական օրացույցում նշվում է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր, տեղեկացնում է News.am։