Կրեմլում մեկնաբանել են Ուկրաինային թուրքական դրոնների մատակարարման թեման

Թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման Դոնբասում շփման գծում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինային թուրքական դրոնների մատակարարման թեման, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք իսկապես հատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտահոգությունները, որ ուկրաինացի զինվորականներին սպառազինությունների այդ տեսակների մատակարարումները պոտենցիալ կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացման շփման գծում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նրա խոսքով՝ հենց որ այդ սպառազինությունը հայտնվի զինվորականների ձեռքում, նրանք կարող են այն օգտագործել «Ուկրաինայի այդ շրջանում, և դա միայն կհանգեցնի ապակայունացման»։ «Դա չի նպաստում ներուկրաինական այդ խնդրի կարգավորմանը»,- ավելացրել է նա, տեղեկացնում է News.am։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, նախօրեին Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ կիրառել են Bayraktar հետախուզական-հարվածային անօդաչու համալիր։ «Զինյալներին հրադադար հարկադրելու նպատակով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամանով կիրառվել է Bayraktar։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ»,- տեղեկացրել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։