Էդգար Պենյա Պառա. Ես աղոթք եմ բարձրացնում, որպեսզի ողջ ժողովուրդը ապրի խաղաղության մեջ

Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակության բացումը Հայաստանի և ողջ միջազգային հանրության համար կդառնա կամուրջների կառուցման և տարածաշրջանում արդարացի խաղաղության ձեռքբերման նոր խորհրդանիշ։ Այս մասին ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյնաի հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ այցը և հանդիպումը հաստատում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վատիկանի միջև։ Նա նշեց, որ բերել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ողջույնը։

Արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին և բոլորին, ովքեր մասնակցել են նվիրակության բացմանը այսքան կարճ ժամկետում։ «Դա հնարավոր դարձավ, որովհետև մենք հավատում էինք։ Ես հավատում եմ, որ Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակության բացումը Հայաստանի և ողջ միջազգային հանրության համար կդառնա կամուրջների կառուցման և տարածաշրջանում արդարացի խաղաղության ձեռքբերման նոր խորհրդանիշ»,- նշեց արքեպիսկոպոսը։

Նա հիշեցրեց, որ եկող տարի նշվելու է Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նվիրակության բացումը կամրապնդի հարաբերությունները, ՀԱԵ և Վատիկանի կապը, հանրապետության կաթոլիկ համայնքը։ «Սա նաև Կաթոլիկ եկեղեցու հարգանքի վկայությունն է այս հողի հանդեպ, որտեղ ապրում է հնագույն ժողովրդի մի մասը, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել։ Հայտնի են Վատիկանի և Էջմիածնի միջև համագործակցությունը և բարեկամությունը։ Մենք պատրաստ ենք միասին աշխատել հայ ժողովրդի բարօրության և զարգացման համար»,- ընդգծեց արքեպիսկոպոսը՝ թվարկելով Կաթոլիկ եկեղեցու մասնակցությունը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։

Ամփոփելով՝ արքեպիսկոպոսը հաստատեց Վատիկանի օժանդակությունը Հայաստանի իշխանությունների քայլերին՝ ուղղված խաղաղության ձեռքբերմանը, զինաթափմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մշակութային և մարդկային զարգացմանը, կրոնական ազատությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Ես աղոթք եմ բարձրացնում, որպեսզի ողջ ժողովուրդը ապրի շարունակական խաղաղության մեջ և օգտվի սոցիալական առաջընթացից՝ շարունակելով դարեդար, սերնդեսերունդ փոխանցվող քրիստոնեական ավանդույթները»,- ասաց արքեպիսկոպոսը, տեղեկացնում է News.am։