Մանե Գալոյանը 3 մրցանակի է արժանացել «Օպերալիա» միջազգային մրցույթում

Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած «Օպերալիա» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Մանե Գալոյանը արժանացել է միանգամից երեք մրցանակի։ Տեղեկությունը հայտնում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մամուլի ծառայությունը։

Գալոյանը գրավել է երկրորդ տեղը, ճանաչվել է «Սարսուելայի լավագույն կատարող» և հանդիսատեսի համակրանքի համար արժանացել Rolex-ի մրցանակին։

Այս միջազգային մրցույթի հիմնադիրն է հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն, որի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին։

Տեղեկացնենք, որ 28-ամյա Մանե Գալոյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է, հանդես է եկել Սան Անտոնիոյի նվագախմբում, Օքսֆորդի Բալիոլ քոլեջում, Նյու Յորքի «Օպերա Ամերիկա երիտասարդ կատարողներ» համերգաշարում, Հյուսթոնի գեղարվեստի թանգարանում։

Համերգային կատարումներով հանդես է եկել նաև Հայաստանի ազգային կամերային նվագախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։