Մալիշկա գյուղում «Ռուսական կենտրոն» բացվեց

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում բացվեց չորրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Կրթական կենտրոնը ռուսական մշակույթի տարածման հարթակ է։ Այն նախատեսում է ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ գրականության, արվեստի մասին, կինոդիտումներ։

Մալիշկայում հոկտեմբերի 1-ից արդեն մեկնարկել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացները, որի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։

«Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթականեր ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ նշեց, որ ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործընկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում։

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Դմիտրի Կազմինը դեսպանի անունից շնորհավորեց կենտրոնի բացման առթիվ և նշեց, որ սա Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության հերթական քայլն է։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված չորրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ Վանաձորում, երրորդը՝ Արմավիրում։