Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել

Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել։ ՀՀ ԱԺ–ում պառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ դատարանի նամակին չեն պատասխանել։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։

«Ըստ ընթացակարգի` ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը, և մենք շարժվել ենք` ինչպես կարգն է։ Այդ հանձնաժողովը կիրականացնի Չարչյանի առողջական վիճակի ամբողջական փորձաքննությունը»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Չարչյանին բժշկական օգնություն ժամանակին և պատշաճ կերպով ամբողջ ընթացքում մատուցվել է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։