ՔԿՀ-ները հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. «Կոշն» ու «Հրազդանը» կփակվեն

ՀՀ կառավարության որոշմամբ` «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Կառավարությունն այսօր հավանություն տվեց երկու ՔԿՀ–ների փակման նախագծին։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հիմնարկների փակման արդյունքում 2022-ին կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ։

«Սա միայն գումարի խնայման մասին նախագիծ չէ, այլ կարևոր սկիզբ է ՔԿՀ ոլորտի բարեփոխման համար։ Այս երկու հիմնարկները փակվելուց հետո կունենանք 10 ՔԿՀ–ներ, որոնց պայմանները լավացնելով, կկարողանանք լուծել մարդու իրավունքների խնդիրները։ Մենք ունենք 5346 տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները և դրանցից զբաղված են միայն 2113-ը»,–ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` երկու ՔԿՀ–ների փակման հետևանքով 280 հաստիք կկրճատվի, որոնցից 70-ը կտեղափոխվեն այլ հիմնարկներ աշխատանքի, 50-ը պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կմնան կադրերի ռեզերվում։

Նախարարը նշեց` կազատվեն այն աշխատակիցներից, որոնց վարքը դժգոհության տեղիք է տվել, ինչի հաշվին մյուսների աշխատավարձը կավելանա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց` այսօր ՀՀ–ում կալանավորված և դատապարտված անձանց պատմական մինիմում է։

«Մեր ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես, «Կոշ»-ում ու «Հրազդանում» անմարդկային պայմաններ են ու կալանավորված մարդիկ պահվում էին անմարդկային պայմաններում։ Պետք է արձանագրել, որ ՔԿՀ-ները Հայաստանում երկար ժամանակ, հիմա էլ՝ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են»,–ասաց Փաշինյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 640 անձի պահման համար։ Ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 66 մարդ։

Իսկ «Հրազդան» ՔԿՀ–ն նախատեսված է 215 անձի պահման համար և ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 157 անձ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։