«Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային փառատոնում մրցանակների է արժանացել

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում 4 անվանակարգերում ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին, տեղեկացնում է Panorama.am։