ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՍԱՆՁԱՐՁԱԿ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերում իրավիճակը շարունակում է մնալ խիստ տագնապալի։ Հաղորդագրություններն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները Հայաստանի բռնազավթված տարածքներում կամայականություններ են գործում, վաղուց արդեն սովորական են դարձել։ Անպատիժ անասնագողությունն ու Գորիս-Կապան ճանապարհին նրանց սանձարձակ արարքներն արդեն սիստեմատիկ բնույթ են կրում, ո՛չ պատշաճ արձագանք ստանալով, ո՛չ էլ առավելևս պատժի ենթարկվելով Հայաստանի իշխանությունների, իրավապահ մարմինների կողմից: Միջադեպեր, այդ թվում՝ ողբերգական ելքով, տեղի են ունենում նաև Արցախում, որտեղ միայն ռուս խաղաղապահների ներկայությունն է հետ պահում Բաքվին հայ բնակչության նկատմամբ իր սովորական գործելակերպի կիրառումից։
Այդօրինակ հերթական հաղորդագրությունը հայտնվեց հոկտեմբերի 26-ին: Ըստ ԶԼՄ-ների, մոտ 20 զինված ադրբեջանցիներ կանգնեցրել են Կապան ուղևորվող գորիսեցի Արտյոմ Համբարձումյանի ավտոմեքենան և փորձել են դուրս բերել նրան մեքենայից: Ընդ որում, ինչպես հայտնել Է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը, նրանք շատ լկտի ու ագրեսիվ են պահել իրենց. հարվածել են մեքենային, անարգել ուղևորներին, բացել մեքենայի դռներն ու ստիպել ուղևորներին դուրս գալ: Մարդկանց փրկել են յուրաժամանակ վրա հասած ռուս սահմանապահները։
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 22-ին, ադրբեջանցի զինծառայողները իջել են դիրքերից և առևանգել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի բնակչին պատկանող մանր եղջերավոր անասունների հոտը (107 ոչխար և 5 այծ)։
Հոկտեմբերի 19-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի նույն հատվածում ադրբեջանցի ոստիկանները տուգանել են Սյունիքի բնակչին «երթևեկության կանոնները խախտելու» համար, անդորրագիր հանձնելով նրան և պահանջելով, որ տուգանք վճարի Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքի միջոցով: Չվճարելու դեպքում սպառնացել են հաջորդ անգամ առգրավել մեքենան։ Երբ խորհրդարանական ընդդիմությունն այդ մասին հարց ուղղեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին, վերջինս հայտարարեց, թե ոստիկանությունն այդ միջադեպի մասին տեղեկություններ չունի։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանցիները Արցախի Մարտունու շրջանի Ճարտար բնակավայրի չեզոք գոտուց գողացել են տեղի բնակչին պատկանող 32 կով և 13 հորթ։ Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ յուրացման և առանձնակի խոշոր չափերի՝ 12 370 000 դրամ ընդհանուր գումարի գույքային վնաս պատճառելու փաստով։
Սեպտեմբերի 1-ին ամբողջությամբ այրվել է Կութ գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանին պատկանող 10-15 հա ցանքատարածությունը և ոչնչացվել է նրա տնտեսության գերակշիռ մասը։ Այդ մարդը երկու անգամ ենթարկվել է ադրբեջանական ագրեսիայի. գարնանը նրանից առևանգել են 11 կով և 23 ցլիկ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և տեղի բնակիչների հավաստմամբ, ադրբեջանցի զինվորականները ոչ միայն առևանգում են անասուններին, այլև հրկիզում խոտհարքները, ցանկանալով առավելագույն վնաս հասցնել ՀՀ քաղաքացիներին: Թաթոյանը համարում է, որ ադրբեջանական կողմը պարտավոր է նման դեպքերում փոխհատուցել հասցրած վնասը, որպեսզի ապահովվի հայկական սահմանամերձ տարածքի բնակիչների իրավունքների պահպանումը, և այդ հարցը պետք է ներառվի Հայաստանի իշխանությունների օրակարգում:
Բայց ՀՀ քաղաքացիների կյանքի եվ ունեցվածքի անվտանգությանը վերաբերող այս կարևորագույն խնդրի նկատմամբ իշխանական կառույցների դիրքորոշումը վաղուց արդեն լոկ հռետորական հարցեր է առաջացնում։ Նշված դեպքերից ոչ մեկի առնչությամբ չի հաջորդել նույնիսկ համապատասխան հայտարարություն, իսկ համապատասխան ատյաններ դիմելու մասին խոսք անգամ չկա։ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները լավագույն դեպքում ցինիկաբար «խորհուրդ» են տալիս դիմել ռուսական կողմին, թեև խոսքը ինքնիշխան Հայաստանի տարածքի կամ մեր վերահսկողության տակ մնացած արցախյան հատվածի մասին է։
Իրականում ՀՀ կառավարությունը փաստացի լվացել է ձեռքերը, հանդես գալով որպես այն արարքների անտարբեր դիտորդ, որ գործում են ադրբեջանցի զինվորականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ունեցվածքի հանդեպ, ամենալկտի ձևով խախտելով սահմանամերձ համայնքների բնակիչների բոլոր իրավունքներն ու միջազգային նորմերը։ Հնչում են անորոշ խոստումներ, բայց իրավիճակը մայիսի 12-ից ի վեր, երբ ադրբեջանցի զինվորականները ներխուժեցին Հայաստանի տարածք, մնում է անփոփոխ։ Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները փաստացի անպաշտպան են և կարող են ապավինել երկրի ղեկավարության միայն մեկ ներկայացուցչի՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանը։ Իսկ խորհրդարանի մեծամասնությունն ու կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, նրանց համար ժամանակ չունեն, զբաղված են միանգամայն այլ հարցերով։
Օրինակ, չեն հոգնում խոսել «խաղաղության դարաշրջանի» և այդ գործում սեփական «վիթխարի» առաքելության մասին։ Հայտարարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հաղորդակցության բոլոր ուղիները բացելու և նույնիսկ համագործակցելու պատրաստակամության մասին։ Երազում են այն օրվա մասին, երբ ադրբեջանցիները կզբոսնեն Երևանում, իսկ հայերը՝ Բաքվում... Եվ համառորեն պնդում են, թե Բաքվից ու Անկարայից «դրական ազդակներ» են հնչում այդ առնչությամբ։
Դե ինչ, եթե ՀՀ քաղաքացիների դեմ կատարվող անօրինականություններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքը զավթած ադրբեջանական ԶՈՒ-ի սանձարձակ կամայականությունը «դրական ազդակներ» են, ապա փաշինյանական «խաղաղության դարաշրջանի» պատկերը, անշուշտ, ձեռք է բերում հստակ թուրքական ուրվագծեր…