Մայր աթոռը դիմել է Ազգային ժողովին

Մայր աթոռը դիմել է ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին, որպեսզի որպես Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանեն նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր աթոռում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

«Հատկանշական է, որ շատ երկրներում (որոնց թվում են Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը) պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մայր աթոռը հայտնում է, որ հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, անհրաժեշտ է ոչ աշխատանքային պահպանել, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։

Միաժամանակ, Մայր աթոռը լիահույս է, որ ԱԺ–ում նկատի կունենան իրենց առաջարկները։

Նշվում է, որ ժողովին քննարկվել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհետ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: