Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ՓԱԿ Է

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին չի թույլատրվում այցելել սահմանագիծ։

«Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է՝ նախարարի պարզաբանումը փակ նիստում էր, չի հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։

«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։

Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ», - նշել է Աբրահամյանը։

Aysor.am