Հայկական ՊՇՌ թեստերը այլևս չեն կիրառվում
Հայաստանը սկսել է չօգտագործել տեղական արտադրության ՊՇՌ թեստերը, այժմ դրանք ներմուծվում են։ Դրանց մի մասը նվիրատվություն են, մյուս մասն էլ գնումներով են ձեռք բերվում։ Առողջապահության նախարարությունից «Փաստինֆոյին» հայտնել են, որ կառավարությունը թեստերը գնում է 850-3000 դրամով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նախարարությունից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Գերատեսչությունը, սակայն չի մանրամասնել, թե որքան թեստ է ձեռք բերել 850 դրամով և ամենաբարձր 3000–ով։
«2021 թվականի նոյեմբերի 1-ի տվյալով՝ հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր առմամբ կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 000–ն է եղել տեղական արտադրության թեստերով»,– գրել է «Փաստինֆոն» և հավելել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։
Լրատվամիջոցը նաև տեղեկացրել է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավորապես 2500 դրամ և ստացվել է այնպես, որ թեստերը ներմուծելն ավելի էժան է եղել քան արտադրելը։
Նշենք, որ Հայաստանում ՊՇՌ թեստերը ձեռք են բերվել 850-3000 դրամով, սակայն իրացվել են 7000-17000 դրամով։