Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Նա կշարունակի քննել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մակագրվել է նորանշանակ դատավոր Դավիթ Արղամանյանին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդուն, ինչը պաշտպանության կողմը պատահական չի համարել։
Դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, որի հիմքում դրվել է Արղամանյանի՝ քաղաքական կողմնորոշում ունենալու հանգամանքը, ինչպես նաև՝ նախկինում վերջինիս կողմից արված հայտարարությունները, որով Արղամանյանը քննադատում էր դատաիրավական համակարգը՝ անվանելով այն կոռումպացված, բացի այդ, վերջինս մասնակցում էր նաև բողոքի ակցիաների՝ ընդդեմ նախկին իշխանության ներկայացուցիչների։
Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո դատական նիստը նշանակվել էր ժամը 18-ին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։
Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որևէ փաստացի օրինակ մատնանշելու, տեղեկացնում է Փաստինֆո-ն։