Ադրբեջանը հայկական կողմին 11 աճյուն է փոխանցել

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիներն աճյունները փոխանցել են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում գտնվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։