Բժիշկներից մեկը հրաժարվել է Չարչյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովում ընդգրկվել
Պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովի ևս երկու մասնագետ նշանակվեց այսօր կայացած հրատապ դատական նիստի ժամանակ։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանը ներկա չէ նիստին։
Դատարանը անոթային վիրաբույժներ Էդուարդ Աղիյանին և Տիգրան Սուլթանյանին նշանակեց հանձնաժողովի անդամներ։ Ի դեպ, Աղիյանը տեղեկացրեց, որ Չարչյանն իր դասախոսն է եղել, ինչը, սակայն, չի կաշկանդի իրեն, որպեսզի անաչառ կերպով իր կարծիքը հայտնի։
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ առողջապահության նախարարության կողմից առաջադրված թեկնածուներից մեկը` նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը, չի ցանկացել փորձաքննությանը մասնակցել։ Նրա փոխարեն պետք է նախարարությունը որևէ այլ մասնագետի առաջարկի։ Բացի այդ, նախարարության առաջարկած բժիշկներից մեկն էլ` Սամվել Հայրումյանը, վատառողջ է։ Դատավորը նշեց` եթե կորոնավիրուս է, ապա նրան նույնպես փոխարինել է պետք, որ երկար չտևի փորձաքննությունը։ Հանձնաժողովի վերջին թեկնածուն էլ թերապևտ Հասմիկ Ավալյանն է։
Դատարանը 40 րոպեով գնաց ընդմիջման Ավալյանի` նիստին մասնակցությունն ապահովելու համար։
Հավելենք, որ ընդմիջումից հետո դատարանը նաև թերապևտ Հասմիկ Ավալյանին նշանակեց փորձագետ։ Դատավորը հայտնեց, որ զրուցեց մյուս թեկնածուի` Սամվել Հայրումյանի հետ, որն ասել է իրեն` ջերմություն ունի։ Ըստ դատավորի` հաշվի առնելով այն փաստը, որ պետք է սեղմ ժամկետում կատարել Չարչյանի փորձաքննությունը, դատարանը գրությամբ կդիմի առողջապահության նախարարությանը Հայրումյանի փոխարեն ևս մեկ փորձագետ առաջադրելու։ Այսօրվա նիստն ավարտվեց. երբ նախարարության կողմից կներկայացվեն վերջին երկու մասնագետները, նոր միայն դատական նիստ կկայանա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։