Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԼԵԼԻ ՉԷ

Պատերազմում պարտված, մարդկային հսկայական կորուստներ ունեցած պետության համար գլխավոր դատախազի և նրա տեղակալների համար հավելավճարներ սահմանելը խնդրահարույց է և բարոյական հարթության մեջ ընկալելի չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բայց նաև իրավական խնդիր կա. ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր պարզապես պաշտոնով հավելավճար սահմանել, որովհետև տարիներ առաջ մեր երկրում սահմանվեց մի շատ կարևոր համակարգ, երբ բոլոր պաշտոնատար անձանց աշխատավարձերը որոշակի սանդղակով էին չափվում։ Այժմ սահմանված սանդղակը խախտվում է, և եթե ինչ-որ տեղ տեղի է ունենում աշխատավարձի ավելացում, պետք է հասկանալ, թե, օրինակ, ինչու պետք է համարժեք չբարձրանա քննչական կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալների կամ դատավորների աշխատավարձը։ Վերջիններիս աշխատանքը ոչ պակաս ռիկսային է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ շատ կարևոր է որոշակի կառույցներում ամենաբարձր և ամենացածր դիրք զբաղեցնող պաշտոնատար անձանց աշխատավարձերի հարաբերակցությունը։

«Շատ կարևոր է, որ վարձատրությունների տարբերությունը չափազանց մեծ չլինի։ Այս նախագծում հարաբերակցությունը լրջորեն փոխվում է՝ հօգուտ ամենաբարձր վարձատրութուն ստացողի։ Կարճ ասած՝ այս նախագիծը խնդրահարույց է»,- նշեց մեր զրուցակիցը։

Aysor.am