ԲԴԽ․ Հայաստանում գործող դատարանները ծանրաբեռնված են
Ե՛վ Երևանում, ե՛ւ մարզերում քաղաքացիական գործերով միջին ծանրաբեռնվածությունը կազմում է գրեթե 1500-2000 գործ, ինչը բավական շատ է։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Խաչիկ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ նման վիճակ է նաև քրեական գործերի մասով։ Նա հույս հայտնեց, որ մինչդատական վարույթի կարգի փոփոխությունը կհանգեցնի դատարանների ծանրաբեռնվածության որոշակի նվազեցման։
«Կա մեծ ցանկությունը ավելացնել դատավորների թիվը, սակայն դա կախված է ֆինանսավորումից»,-ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ ներկայիս պայմաններում անձնակազմը բավական հաճախ է փոխվում։ Նա նաև նշեց, որ դա կապված է ոչ միայն դատական համակարգի ծանրաբեռնվածության, այլ աշխատակիցների ցածր աշխատավարձերով, տեղեկացնում է News.am-ը։