ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻԴԵԱ-ՖԻՔՍԸ՝ ՀԱՂԹԵԼ ՈՉ ԹԵ ԹՇՆԱՄՈՒՆ, ԱՅԼ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլի արդյունքների ամփոփումից առավել ակնառու դարձավ, որ ընդդիմությունը լուրջ ճշգրտումների և հստակ հաշվարկների պետք է գնա՝ տեղերում իշխանությունը վերցնելու կամ այն չկորցնելու։ Ակնհայտ է, որ հնարավոր բոլոր միջոցները գործադրելով, վարչական բիրտ ճնշումներով կամ էլ սեփական կեղծ ընդդիմադիրներին բուծելով ու այդկերպ հանրությանը մոլորեցնելով՝ իշխանությանը հաջողվեց պահպանել վերահսկողությունը Գյումրիում և Դիլիջանում, զավթել Մեղրիի ու Տեղի ավագանիները։

Հատկապես Գյումրու ավագանու եվ քաղաքապետի ընտրության ամբողջ խեղկատակությունը գալիս է ապացուցելու, որ իրական ընդդիմությունն ունի մեկ հասցե՝ ի դեմս խորհրդարանում ներկայացված երկու ուժերի։ Ե՛վ բազում ճամբարներ փոխած Սամվել Բալասանյանի գլխավորած ֆիկտիվ դաշինքը, և՛ Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժն ընդամենը ցուցափեղկ էին՝ իշխանության համար կենաց-մահու պայքարի գնով հաղթելու Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ինչպես նաև եռացող տարածաշրջանի համար կարևորագույն դերակատարում ունեցող Մեղրի խոշորացված համայնքում։ Վերջինն, ի դեպ, արվեց նախկին օրինակարգ քաղաքապետ, ԱԺ կալանավորված պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեմ շինծու քրեական գործերի հարուցման գնով։

Սահմանամերձ դարձած Գորիսը, փաստորեն, Հայաստանի դեռևս միակ բնակավայրն է, որտեղ պատերազմից հետո ընդդիմադիր համայնքապետ է վերընտրվել։ Կալանավայրից հաղթելով վարչական լծակներ բանեցրած իշխանական թեկնածուին՝ Առուշ Առուշանյանի ստվերը հանգիստ չի տալիս իշխանությանը, և ՔՊ-ական պատգամավորները խորհրդարանում էլ շարունակաբար անդրադառնում են այդ թեմային՝ ակնհայտորեն չհամակերպվելով իրենց պարտության հետ։ Դա հո հերթական բարձունքի զիջումը չէ՞, որ այդքան հեշտ համակերպվեն և առաջ անցնեն։

Տեղեկատվական արտահոսքերից դատելով՝ ՏԻՄ ընտրությունների առաջիկա երկու փուլերում իշխանությունն ամենախոցելի դիրքերն ունի Կապանում և Մասիսում։ Նոյեմբերի 14-ի Կապանի ավագանու, իրականում՝ քաղաքապետի ընտրությանը «Շանթ» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, փաստորեն, ընդդիմության կոնսոլիդացված թեկնածուն է, նրան աջակցում են և՛ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» դաշինքները։ Բացի այդ, Փարսյանն առաջինն էր, որը դեռևս 2018-ի փետրվարին՝ զանգվածային հոգեխանգարմունքի փուլում, հաջողեց հաղթել իշխանության թեկնածուին և գլխավորել Սյունիքի մարզկենտրոնը։

Եթե Սյունիքի մյուս համայնքապետերի նկատմամբ քրգործեր կարվեցին, նրանց բանտարկեցին, Փարսյանի դեպքում անգամ դա չհաջողվեց, և իշխանությունը գնաց այլ մարտավարությամբ՝ ստիպեց Կապանի ավագանու անդամների մեծամասնությանը վայր դնել մանդատները, լուծարել ավագանին և նշանակել արտահերթ ընտրություն։ Դա խորհրդարանական արտահերթից անմիջապես հետո էր, և իշխանությունը, արբած անգամ Սյունիքում իր հաղթանակով, կարծում էր, թե իրեն հեշտությամբ կտրվի նաև համայնքապետերի պաշտոնում սեփական թեկնածուների ընտրությունը։ Գորիսն ապացուցեց, որ իշխանության հաշվարկները սխալ էին։

Ակնհայտ է, թե Գորիսում պարտվելուց հետո իշխանությունն ինչպիսի փութաջանությամբ է լծվել Կապանի ղեկն ամեն գնով սեփական ձեռքը վերցնելու գործին՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանին այնտեղ որպես դրածո նշանակելու նպատակով։ Իշխանական խմբակցությունն ընդհուպ խորհրդարանի ամբիոնից է սեփական քարոզն անում։ Եթե ընդդիմությանը և Փարսյանին հաջողվի հաղթել այս անհավասար պայքարում և շարունակել քաղաքի ղեկավարումը, Սյունիքի մարզպետն ու պաշտոնեությունը վստահաբար կդառնան Փաշինյանի պաթոլոգիկ բարկության հերթական զոհը։

Նույնը վերաբերում է նաև Մասիսի քաղաքապետի ընտրությանը։ Գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ինչպես մի շարք այլ անհնազանդ համայնքապետերի դեպքում, քրեական հետապնդման ենթարկվեց, սակայն այդ փորձությունն անցնելով, փաստորեն, վերընտրվելու նրա շանսերն անգամ իշխանությունն այսօր ամենաբարձրն է գնահատում։ Կես կատակ, կես լուրջ՝ ստացվում է, որ ոչ հաճոյակատար համայնքապետ լինելու և քաղաքականապես հետապնդվելու դեպքում ընտրվելու շանսերը միայն մեծանում են։