«3+3»-ը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ Հայաստանը դեռ որոշում չունի

Տարածաշրջանային համագործակցության բոլոր առաջարկները դիտարկվում են, սակայն որևէ որոշման մասին վաղ է խոսել։ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը՝ խոսելով «3+3» ձևաչափի մասին։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում միջազգային քաղաքականության մեջ ընթանում են տարածաշրջանացման գործընթացներ։ Այսինքն՝ եթե ժամանակին գլոբալ խաղացողների հետ Հայաստանը կարող էր ապահովել իր անվտանգությունը, ապա հիմա ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողները, և եռաստիճան համակարգ է դառնում։

«Այս առումով կան տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկներ, և «3+3»-ը դրանցից մեկն է։ Բոլոր պարագաներում մեզ համար առաջնայինը ՀՀ շահերի պաշտպանությունն է։ Հարցն այն է, որ տարածաշրջանային համագործակցության առաջարկները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, և մեզ համար կարևոր է, որ չկրկնօրինակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մարմնի ձևաչափը»,-ասաց փոխնախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։