ՈՉ ԹԵ ՅԱԹԱՂԱՆԻ ՈՒ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ», ԱՅԼ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՈՒ ԼՈԼԻԿԻ ԹՈՒՐՔԻԱՆ

Ընդդիմության հանրահավաքին վստահաբար կհնչեն հանրությանը զգոնության կոչող կարգախոսներ, բայց ի՞նչ կփոխվի դրանից։ Ընդդիմադիր առաջնորդները կհիշեցնեն Ադրբեջանի և Թուրքիայի՝ մեզ հայտնի նպատակները, կքողազերծեն Հայաստանն առանց հայերի տեսնելու նրանց վաղեմի քաղաքականության իրականացումը այս իշխանության ձեռամբ, կներկայացնեն հնարավոր նոր պատերազմի սպառնալիքն ու հրադադարի ամբողջ փխրունությունը։ Ի՞նչ կհետևի դրան, հայտարարված համազգային դիմադրությունը թափ կհավաքի՞։

Խնդիրը նույնիսկ իշխանության դեմ հանրային կրքեր բորբոքելու մեջ չէ, այլ բթացած, անգամ վերացած ինքնապաշտպանության բնազդն արթնացնելու։ Արժե թերևս հարցադրում անել, որ եթե մեր հանրությունն իրապես ցանկանում է բարեկամանալ մի պետության հետ, որը մեկ տարի առաջ Արցախի քաղաքներն էր ռմբակոծում և գլխատում խաղաղ բնակիչներին, ապա միգուցե իրեն համարժեք ո՞ւժ է իշխանության։ Չէ՞ որ Փաշինյանը չէր էլ թաքցնում իր անարժանապատիվ խաղաղության հայեցակարգը նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Բարոյական ի՞նչ իրավունք ունի ՀՀ իշխանությունը կամ ժողովուրդը զարմանալու քաղաքակիրթ աշխարհի կեցվածքի կամ հակամարտության երկու կողմերին ուղղված անդեմ կոչերի վրա, եթե մեր պետական խոսույթը բնավ չի տարբերվում այդ կոչերից: Սա արդյոք այն նո՞ւյն ժողովուրդն է, որը մեկ տարի առաջ համաժողովրդական բանակի դրոշի ներքո մարտի էր գնում՝ չխնայելով կյանքը, գնում էր 1994-ից ի վեր ամենալայնածավալ պատերազմին մասնակցելու և հաղթանակը տուն բերելու։

Թուրքական էժան լոլիկի ու ադրբեջանական բենզինի՝ հայկական շուկա մոտալուտ մուտքի հեռանկարը հիմնիվեր կուրացրե՞լ է ընդամենը մեկ տարի առաջ թշնամու արկերի տակ զոհված ու հաշմված մեր տղաների ազգակիցներին։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ ուզում են վերջնականապես ոչնչացնել Արցախը, ամայացնել մեր բնակավայրերը՝ լինի սահմանամերձ, թե թիկունքում, լինի տանկերով, թե ժողովրդագրորեն ու տնտեսապես։ Եթե այս ազգակործան ծրագրի դանդաղ գործողությունն ընթացքի մեջ է՝ առանց նկատելի հանրային դիմադրության, ո՞րն է մեկանգամյա հանրահավաքի ուղերձը, և ամենակարևորը՝ ո՞ւմ է ուղղված։

Թուրքիայում պարբերաբար անցկացվող սոցհարցումների արդյունքներով՝ Հայաստանն առայսօր շարունակում է դիտարկվել թշնամի պետությունների եռյակում։ Հետաքրքրական է՝ պատերազմից մեկ տարի անց հայաստանյան հանրության ո՞ր մասն է Թուրքիան ընկալում իբրև թշնամի, ընդ որում՝ ոչ թե խոսքով, այլ գործնականում, ասենք՝ թուրքական ապրանքների և ծառայությունների բոյկոտի տեսքով։ Պետականորեն տարվող ճիշտ հակառակի քարոզը, թերևս, վերջնականապես բթացրել է շատերի զգոնությունը։ Անկարայից եկող թշնամական ակնարկներն անգամ, որ իրենց նպատակը շարունակում է մնալ աշխարհի երեսից հայկական տարրը ջնջելը, «եթե հայերը խելքը գլուխը չհավաքեն», մնում են ձայն բարբառոյ յանապատի։

Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի ծավալապաշտության հիմնական տարածաշրջանային պատանդն ու սպասարկուն։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական օդուժի՝ ինքնաթիռների, ուղղաթիռների և ԱԹՍ-ների ղեկավարումը Թուրքիայի կողմից, թուրքական սպայակույտի, ցամաքային զորքերի ու շարասյուների անթաքույց ներկայությունն Ադրբեջանում այսօր մեկ քայլ էլ առաջ է անցել՝ համատեղ բանակի ստեղծում և շարունակական զորավարժություններ։

Կարելի է, իհարկե, սեփական պատասխանատվությունից խուսափելով՝ շարունակաբար հղում անել ՌԴ-ին ու Իրանին, պնդել, թե այդ երկրների քայլերը սպասողական են, նրանք պետք է գործեն։ Փաստն այն է, որ Թուրքիայի՝ իբրև ահաբեկչական պետության դեմ Հայաստանի և Արցախի երբեմնի պայքարը շուտով հավակնում է վերածվել Թուրքիայի հետ գործակցության։ Մնում է պարզել, թե այդ ո՞րն է հայ-թուրքական ընդհանուր շահը։