Օ. Գասպարյանի պաշտպան․ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ԿԱԽՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԻՑ

ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց և, իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Մարտիկ Մարտիրոսյանը:

«ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց և, իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը։ Բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից և ցանկությունից։ Այն չի կարող դրական ազդեցություն ունենալ զինծառայողների կարգավիճակի վրա, քանի որ բարձրագույն հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները երկրորդվում են քաղաքական ղեկավարության ցանկություններին։

Երկար-բարակ գրելուց հետո ասվում է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ։ Այդ եզրակացության հետ կարելի էր համաձայնվել, եթե Սահմանադրությամբ նշվեր, որ օրենքով սահմանվում է շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ, մինչդեռ սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով։

Բացի այդ, նշվում է՝ եթե օրենքով սահմանված է, որ զինծառայողը կարող է ազատվել հայեցողությամբ, ապա դա որոշակի է և իրավաչափ։ Նույն տրամաբանությամբ կարող է օրենքով նշվել, որ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները կարող են ազատվել օրենքով չնախատեսված հիմքով։ Եվ երբ զինծառայողը բողոքի, որ իրեն ազատել են օրենքով չնախատեսված հիմքով, ապա որպես հակափաստարկ կարող է բերվել, որ դա նախատեսված է օրենքով։

Որոշմամբ նաև նշվում է, որ բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցչին ազատելու հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական չեզոքության խախտումը, կադրային-որակական գործոնը։ Թվարկված հիմքերի հետ կապված հարկ է նշել, որ առանց վիճարկվող հոդվածի կիրառման էլ կարող է անցկացվել ծառայողական քննություն (օրինակ՝ ՆԾԿ կանոնների խախտման մասով, եթե առկա է քաղաքական չեզոքության խախտման մասին տվյալ) կամ ատեստավորում։ Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնին, ապա նշված գործընթացներն իրականացնելու հնարավորություն առկա չէ, և ՍԴ չի էլ անդրադարձել այդ կառուցակարգի բացակայությանը և չի ասել, թե ով է գնահատելու որակական գործոնը կամ քաղաքական չեզոքության խախտումը», - գրել է Մարտիրոսյանը։

News.am