Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականների հետ դասընթացներ են անցկացրել
Դպրոցական արձակուրդի ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցներից մեկի միջին և ավագ դասարանների ավելի քան 50 դպրոցականների համար «Խաղաղություն» խորագրով ինտերակտիվ դասեր են կազմակերպել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դասընթացների ժամանակ խաղաղապահներն իրենց գործունեությունն են ներկայացրել երեխաներին։ Դասի ընթացքում ռուս զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։
«Դպրոցներում ռուսերենը դասավանդվում է երկրորդ դասարանից, ուստի երեխաների հետ շփումը բավականին հասկանալի մակարդակում է։ Նրանք մեզ հարցեր են տալիս, մենք էլ պատասխանում ենք: Ակնհայտ է, որ երեխաները ցանկանում են ներկա գտնվել նման միջոցառումներին», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետ Ալեքսանդր Կորոլյովը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար մեծ ուշադրություն են դարձնում Արցախի երեխաների կրթությանն ու օգնությանը։ Երեխաների համար խաղաղապահները դասեր են անցկացնում, կազմակերպում վիկտորինաներ, նվիրաբերում են դասագրքեր, գրենական պիտույքներ և առաջին անհրաժեշտության իրեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: