Տիրան Խաչատրյանը հրաժարվել է մեկ հայցից և դրանով ներկայացված պահանջներից
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված պահանջներից։ Այս մասին News.am.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Վարուժան Ավետիքյանը։
«Այս հայցը կորցրել էր իր արդիականությունը, ժամանակավրեպ է քանի որ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Երեք հայց ենք մենք ներկայացրել Վարչական դատարանում, նախորդ երկու հայցերը շարունակում են մնալ ուժի մեջ և մենք պնդում ենք մեր պահանջները»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Վարչական դատարանում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափության և օրինականության գործով հայցադիմումը: Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։