Մովսես Հակոբյան․ ՍՈՒ-30-երը ձեռք բերելու պատասխանատուներն Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն են
Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը մի քանի գրություն է ստացել՝ փաստող, որ ՍՈՒ-30 կործանիչները ձեռք բերելը նպատակահարմար չէ։
«Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ կա պրոֆեսինոլ մարմին, քննարկենք և պատասխան տվեք․ ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ։ Քննարկել են և գրավոր պատասխանել, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կառնենք»,- ասաց Փաշինյանը։
Թեմայի առնչությամբ Hraparak.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ։ Վերջինս փաստել է, որ ՍՈՒ-30-երը գնելուն դեմ արտահայտվողներից մեկն ինքն է եղել։
«Գրավոր գրողներից մեկն էլ ես եմ եղել, որ ասել եմ՝ դա մեզ պետք չէ, բայց բանակը պնդել է, որ իրենց պետք է, և գնել են»,- ասել է Հակոբյանը։ Նա հավելել է, որ տեղյակ չէ՝ բանակից պահանջե՞լ են արդյոք, որպեսզի ՍՈՒ-30-երի հետ նաև հրթիռներ ձեռք բերվեն։
Հարցին՝ «Իսկ Դուք ինչո՞ւ էիք գրավոր դեմ արտահայտվում ՍՈՒ-30 СМ-երի գնմանը», Մովսես Հակոբյանը պատասխանել է․ «Որովհետև իմ գիտելիքները ինձ թույլ չէին տալիս, որ դրան կողմ արտահայտվեմ»։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետն ասել է նաև, որ իքնաթիռները ձեռք բերելու պատասխանատուներն Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն են։
«Դրա պատասխանատուն իրենք են, իսկ Նիկոլը պատասխանատու է, որ առանց խորը ուսումնասիրման ֆինանսավորել է»,- ասել է Մովսես Հակոբյանը։
Կայքի դիտարկմանը՝ այսինքն, Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն ինչ ասել են, Փաշինյանը, առանց հասկանալու, գնե՞լ է, Հակոբյանն արձագանքել է․ «Իմ կարծիքով, դա այդպես է»։