National Interest. ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋԱՆՑՔ ՉԵՆ ՍՏԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ
Մեկ տարի է անցել այն պահից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան հրադադարի շուրջ, որը վերջ դրեց Ադրբեջանի և Արցախի միջև 44-օրյա պատերազմին։ Համաձայնագիրը նաև թույլ տվեց Ռուսաստանին երկու կողմերի միջև որպես խաղաղապահ տեղակայել մոտ 2000 զինծառայող և նախատեսել է ռազմագերիների ու այլ պատանդների փոխանակում։ Այս մասին National Interest-ի իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը։
«Վերջին կետում ասվում էր. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը պատասխանատու է տրանսպորտային կապերի վերահսկման համար»:
Սակայն վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր հարցում փորձել են փոխել այս դրույթի սահմանումը։ Նախ՝ սա մեկնաբանում են որպես միջանցքի տրամադրում, որը կիսելու է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Երկրորդ, նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին առաջին նախադասությունը: Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և անօրինական։
Ի սկզբանե թուրքերի և Կենտրոնական Ասիայի շրջանում լավատեսություն կար, որ Նախիջևանի ճանապարհային երթևեկությունը, որը Հայաստանի Զանգեզուրի միջանցքով բաժանված է Ադրբեջանի մնացած հատվածից, կարող է վերածնել արևելյան Թուրքիայի մեռնող տնտեսությունը և ընդլայնել առևտուրն ու զբոսաշրջությունը Կենտրոնական Ասիայում: Ալիևի ամբարտավան ագրեսիվությունը շուտով վերացրեց այդ հնարավորությունը։ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզում է Հայաստանը, թե ոչ»,- այս տարվա սկզբին ասել է նա Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատեց Ադրբեջանի հավատարմությունը դիվանագիտությանը և հրաժարվեց ռազմական ուժից ընդամենը երկու օր անց Ալիևի սպառնալիքից՝ ցույց տալով կամ Պետդեպարտամենտի ոչ կոմպետենտ լինելը, կամ Բլինքենի կողմից Ազատության աջակցության օրենքի միտումնավոր խախտումը:
Սակայն Թուրքիան աջակցեց Ալիևի պարծենկոտությանը։ Թուրքիայի պաշտոնական պետական հեռուստաալիքը Իոսիֆ Ստալինին է մեղադրել Զանգեզուրը Հայաստանին «փոխանցելու» մեջ, որը, ըստ հեռուստաալիքի, նախկինում «ադրբեջանական» է եղել։ Այստեղ զավեշտն, իհարկե, այն է, որ Ստալինը նույն կերպ Ադրբեջանին է հանձնել Հայաստանի պատմական տարածքը` Լեռնային Ղարաբաղը: Զանգեզուրի նկատմամբ պահանջներ ներկայացնելով՝ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները խաթարում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիևի հավակնությունների օրինականությունը։ Թուրքական հաջորդ հոդվածում ասվում էր. «Զանգեզուրի միջանցքը ամենակարևոր կետն էր հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի», չնայած այն հանգամանքին, որ հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր ոչ թե միջանցք, այլ տրանսպորտային հաղորդակցություն:
Էրդողանը այս հարցին ավելի հմտորեն է մոտեցել, քան նրա ադրբեջանցի գործընկերը։ Նա ասել է, որ Հայաստանի թուրքական շրջափակումը դադարեցնելու հարցի քննարկման համար Հայաստանի ղեկավարի հետ ցանկացած հանդիպում առաջին հերթին պահանջում է Ադրբեջանի պահանջների կատարում։ «Աստված տա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացմամբ»,- սեպտեմբերին ասել է Էրդողանը։
Երբ հոկտեմբերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանեց, որ Հայաստանի ճանապարհները կարող են բացվել Ադրբեջանի և Թուրքիայի տեղաշարժի համար, թեև հայկական վերահսկողության ներքո և առանց ինքնիշխանությունը կորցնելու, Ալիևը կրկին թույլ տվեց իր հաղթարշավայնությանն ու էքսպանսիոնիզմին ձախողել պրագմատիկ լուծումը: Ելույթ ունենալով Էրդողանի հետ համատեղ ասուլիսում՝ Ալիևն ասել է. «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար... ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու համար»:
Ե՛ւ նախագահ Ջո Բայդենը, ե՛ւ Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն չկա։ Սա ցավալի է, քանի որ իրական հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամերիկյան շահերը առաջ տանելու համար: Պետքարտուղարության ոչ պաշտոնական թուրքական լոբբիի և ադրբեջանական խավիարային դիվանագիտության շահառուների շրջանում տարածված կրկներգն այն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ավելի լավ դաշնակիցն է, քան Հայաստանը՝ Մոսկվայի և Թեհրանի հետ Երևանի կապերի պատճառով: Բացի սրանից, փաստորեն, վերջին տարիներին երկրաչափական աճ են գրանցել Ադրբեջանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։ Եթե Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ, ապա լավագույն միջոցը կլիներ ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու համար, որպեսզի նվազեցներ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և Իրանից։ Թուրքիան պետք է բացի իր սահմանները Հայաստանի հետ առևտրի համար, ինչպես նաև՝ Ադրբեջանը։ Մինչ Թուրքիան հուսով է, որ իր բեռնատարները կարող են անցնել Զանգեզուրով անցնել Հայաստան, հայկական մեքենաները նույնպես պետք է կարողանան Երևանից Ստամբուլ մեկնել։ Եթե թուրքերը հույս ունեն Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ առևտուր իրականացնել մինչև Չինաստանի հետ սահմանը, ապա Արցախի հայերը պետք է օգտվեն նույն անխոչընդոտ առևտրից Թուրքիայով մինչև Ֆրանսիա կամ Միացյալ Թագավորություն։
Ալիևը ծաղրում էր 907-րդ հոդվածով բացառությունը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին օգնել ավտոկրատ նավթագազային պետությանը: Ժամանակն է հետ կանչել բացառությունը, քանի դեռ ադրբեջանցի դիկտատորը չի ապացուցել իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը` բացելով Ադրբեջանի սահմանները Հայաստանի հետ առևտրի համար: Նմանապես, եթե Բլինքենն իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, նա պետք է հետ կանչի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին և հանձնարարի նրան վերադառնալ Անկարա միայն այն ժամանակ, երբ կարողանա այնտեղ մեկնել Հայաստանի մայրաքաղաքից»: