ՕԿՈՒՊԱՆՏԻՑ ԵՎ ԱԳՐԵՍՈՐԻՑ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Բացի Արցախում մնացած հայության սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների մասնակի լուծումից՝ Հայաստանը որևէ տեսլական, երկարաժամկետ պատկերացում ունի՞ Արցախի ապագայի և դրանում իր դերի մասին։ Բացի «Ապագա կա» խորապես անապագա և անհեթեթ կոչը հնչեցնելուց՝ Արցախի վերածնության հարցում ի՞նչ է անում հայկական կողմը, եթե պետությունն այլևս որևէ հարցի չի մասնակցում՝ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումից մինչև հումանիտար բեռների առաքումը թողնելով ռուսական խաղաղապահ զորակազմի ուսերին։

Չկա բանակցային գործընթաց, բայց Փաշինյան-Ալիև հանդիպման դեպքում Արցախից առհասարակ խոսվելո՞ւ է, բովանդակային բանակցություններ լինելո՞ւ են, Հայաստանի պետական սահմանագծից թշնամու հետքաշման և Արցախի փաստացի սահմաններին հրադադարի երկաթյա երաշխքների սահմանման պահանջ դրվելո՞ւ է։ Փաշինյանը չի կարող նման պահանջներ առաջ քաշել, նա անգամ Արցախի հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, եթե, իհարկե, այն գոյություն ունի, չի կարող շարադրել Ալիևի առջև, քանի որ մեկ տարի է՝ նույնիսկ Ստեփանակերտ գնալու համարձակություն չունի։

Թերևս, կխոսվի անդեմ խաղաղության արժանիքներից, միգուցե հերթական անգամ ասվի՝ «Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը», հնարավոր է՝ Բաքուն ևս մի քանի գերու վերադարձնի հայկական կողմին։ Վստահաբար Փաշինյանի վարչախումբն այն կներկայացնի որպես հերթական ձեռքբերում։ Մինչդեռ հիբրիդային, անտեսանելի պատերազմը մեր դեմ շարունակվելու է նաև դրանից հետո, կրակի դադարեցման ռեժիմը չի պահպանվելու, առարկայական բանակցությունների փուլ էլ տեսանելի ապագայում չենք թևակոխելու։

Հետպատերազմյան մեկ տարում իշխանությունը կատարելապես տապալել է ոչ միայն Արցախի կարգավիճակի և անկախության ճանաչման, այլև անգամ Հայաստանի պետական սահմանագծի և արցախյան առաջնագծի երկայնքով մշտադիտարկման մեխանիզմների ներդրման գաղափարի իրագործումը։ Մինչդեռ 2016-ի ապրիլյան մարտերից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձր մակարդակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել այդ հարցով։

Մինչև 2018-ի ապրիլ Բաքվի կողմից դրանց իրագործման տապալումը մեր և միջնորդների համատեղ մտահոգությունն էր։ Ճիշտ է, հայկական կողմին չէր հաջողվել հասնել այդ մեխանիզմների գործարկմանը, բայց միջազգային հանրությանը միանշանակ ուղերձ էր հղվում՝ քանի դեռ Արցախի անվտանգությունն ապահովված, իսկ հրադադարը՝ երաշխավորված չէ, որևէ զիջման հարց չի կարող քննարկվել։ 44-օրյա պատերազմին ուղեկից տեղեկատվական դիմակայությունում թշնամին մեզ վերագրեց ագրեսորի դեր։ Հետպատերազմյան ներկայիս անպատիվ և ստորացուցիչ կեցվածքով պաշտոնական Երևանը փաստացի ընդունում է, որ և՛ «օկուպանտ», և՛ «ագրեսոր» է։

Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի բարեկամ երկրները, եվրոպական հանրույթը նույնիսկ անատամ հայտարարություններ չեն անելու, ինչպես այսօր, այլ համարելու են, որ սահմանային սադրանքները բացառապես երկու երկրների գործն են։ Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ֆրանսիան սահմանազատում սկսած երկու հարևաններից որևէ մեկին չեն դատապարտելու մյուսի տարածք ներխուժման համար։ Եթե մեկ-երկու անդեմ կոչ էլ հղեն, ոգևորվել չարժե։ Այդպիսի կոչեր հղվում էին նաև համիդյան ջարդերի օրերին։