«Կոմերսանտ»․ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԲԱՅԴԵՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀԱՆԴԻՊԵՆ 2022-Ի ՍԿԶԲԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարվա սկզբին կարող է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»:

Թերթը ճշտել է, որ մինչև այս տարվա վերջ պետությունների ղեկավարները, հավանաբար, զրույց կանցկացնեն տեսակապի միջոցով:

«Մանրամասները դեռ մինչև վերջ համաձայնեցված չեն, ուստի ո՛չ Կրեմլում, ո՛չ Սպիտակ տանը չեն շտապում հայտարարություն անել», – գրում է «Կոմերսանտը»:

Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են նախագահների հանդիպման անհրաժեշտությունը, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան: Սպիտակ տունն իր հերթին նույնպես հայտարարել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների զրույցի հնարավորության մասին տեղեկություններ չունի:

Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի առաջին հանդիպումը կայացել է Ժնևում հունիսի 16-ին: Համատեղ հայտարարության մեջ առաջնորդներն ընդգծել են, որ կողմերը մտադիր են ռազմավարական կայունության շուրջ համապարփակ երկկողմ երկխոսություն սկսել, որը կլինի առարկայական ու եռանդուն:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ մտադիր են խորհրդատվություններ սկսել կիբեռանվտանգության, բանտարկյալների փոխանակման ու սպառազինությունների վերահսկման շուրջ:

Sputnik Արմենիա