Դավիթ Բաբայանը Շուշիի մոտ տեղի ունեցածը որակում է ֆաշիզմ ու ահաբեկչություն

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Շուշիի մոտ տեղի ունեցածը որակում է ֆաշիզմ ու ահաբեկչություն , որն իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով.

- «Այդ օրը Շուշիում էր Ալիևը, նրա կինը, Թուրքիայի պաշտպանության նախարարը, Թուրքիայի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադրբեջանի գրեթե ողջ ղեկավարությունը, և այսպիսի նվերը այս օրվա կապակցությամբ, բնական է, լրիվությամբ տեղավորվում է այն գաղափարախոսության, տրամաբանության մեջ, որը իրականացնում է պաշտոնական Բաքուն»։

Նախարար Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը գործում է սառը հաշվարկով, զուգահեռ զգացմունքայնության հետ է խաղում. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա է տեղի ունեցել այս արյունոտ դեպքը։

«Փորձում են վհատություն սերմանել Արցախում», - ասում է Դավիթ Բաբաբյանը։ - «Որպեսզի մարդիկ գերադասեն դուրս գալ Արցախից, ովքեր ուզում են վերադառնալ՝ չգան։ Որպեսզի մեր կապերը արտաքին աշխարհի հետ խարխլվի, մարդիկ և տարբեր կազմակերպություններ չներգրավվեն Արցախի շենացման գործին, ներդրումներ չանեն։ Եվ բնական է, նաև հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը»։

Azatutyun.am