Հայկական առաջին ռոբոտ «Ռոբինը» TIME ամսագրի կողմից ճանաչվել է 2021թ․ լավագույն նորարարություն

Արհեստական ինտելեկտի վրա հիմնված հայկական առաջին ռոբոտ «Ռոբինը» հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է 2021թ լավագույն նորարարություն։

TIME ամսագրի հերթական համարը նվիրված է 2021թ 100 լավագույն նորարարություններին, որոնց մեջ իր ուրույն տեղն է գտել հայկական ռոբոտը։ TIME ամսագիրը, խոսելով ռոբոտ «Ռոբին»-ի մասին, նրան անվանել է «հոգատար ընկեր»։

TIME-ը պատմում է հայկական կլինիկաներից մեկի մասին, երբ թոքաբորբով հիվանդ 8-ամյա երեխան երկու օր հրաժարվել է ուտել, ինչից հետո բուժանձնակազմը «Ռոբին»-ին հրավիրեել է աղջկա հիվանդասենյակ։ Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին զրույցներից և «Ես լրտես եմ» խաղալուց հետո «Ռոբինը» հրաժեշտ է տվել և խոստացել է վերադառնալ միայն այն դեպքում, եթե պացիենտն ուտի: Իհարկե, նա կերել է: Մեծ աչքերով և կենսուրախ բնավորությամբ «Ռոբինը» արհեստական ինտելեկտով աշխատող ուղեկից է, որը կոչված է թեթևացնել հիվանդանոցներում և կլինիկաներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը:

TIME-ը մեջբերում է ռոբոտի հիմնադիր Կարեն Խաչիկյանի այն միտքը, որ թիմի նպատակը ոչ թե մի տեխնոլոգիական սարք, այլ երեխաների համար հուսալի ընկեր ստեղծելն է եղել։ Հոդվածում նշվում է, որ «Ռոբինն» օգտագործվում է աշխարհի 12 բժշկական հաստատություններում և առաջիկա 12 ամիսների ընթացքում կտեղադրվի ամերիկյան 100 հիվանդանոցներում։

«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլ ողջ Հայաստանի համար։ TIME ամսագրի TOP-100 նորարարությունների մեջ մտնելն իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի ողջ գիտական ներուժի համար»,- ասում է Կարեն Խաչիկյանը, ով ռոբոտին ստեղծած Expper Technologies հայկական ընկերության համահիմնադիրն է։

«Նպատակն էր ստեղծել տեխնոլոգիա, որը ոչ թե պարզապես սարք լիներ, այլ գործընկեր և ընկեր»,- հպարտությամբ ասում է գործարար Կարեն Խաչիկյանը, տեղեկացնում է News.am: