«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ «ՄԵԾ ԹԱՏՐՈՆ» Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԴՐՎԻ ԻՆՉ-ՈՐ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ
«Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի նախկի ԱԽՔ Սամվել Բաբայանի հարաբերությունները սրվել են։
«Հարությունյանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ․ նրա մտերիմները հարցազրույցներ են տալիս Բաբայանի դեմ, փորձում են պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել նրա ուսերին, մասնավորապես՝ որ Բաբայանն է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը»,– գրում է թերթը` հավելելով, թե` Արցախում կատաղի պայքար է, թե ով կխուսափի «մատաղացու գառ դառնալուց»։
Վերջերս էլ Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանն է խոսել Սղնախի հայտնի օպերացիայի մասին, որով փորձ է արվել կանխել դեպի Շուշի ադրբեջանցիների ներթափանցումը, և մեղադրանքների սլաքը կրկին ուղղել է Բաբայանի կողմը։
Թերթը կանխատեսում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում «մեծ թատրոն» է պատրաստում, որի արդյունքում պատերազմի պարտությունը կդրվի ինչ-որ անձանց վրա։
«Ըստ այդմ, մեղավորներին պետք է փնտրել Արցախում՝ Արայիկ Հարությունյան-Ջալալ Հարությունյան-Սամվել Բաբայան եռանկյունում` ներկայացնելով, որ նրանք են եղել պատերազմի գլխավոր դերակատարները»,– գրում է թերթը։
«Հրապարակի» դիտարկմամբ` Արայիկ Հարությունյանը որոշել է Սամվել Բաբայանին «մատաղացու» դարձնել: