Կորոնավիրուսի կարանտինային սահմանափակումները երկարաձգվում են մինչև 2022 թ. հունիսի 20-ը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ՀՀ–ում սահմանված կորոնավիրուսի կարանտինային սահմանափակումները երկարաձգվում են մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։ Առողջապահության նախարարության առաջարկած այդ որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման` միաձայն քվեարկությամբ։

Երկարաձգման անհրաժեշտությունը ԱՆ–ն մեկնաբանում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի առայսօր շարունակվող լարվածությամբ։

Ընդունված որոշմամբ՝ մինչև հունիսի 20-ը պահպանվելու է ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։

Նախագծով առաջարկվում է նաև արգելել ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդները, բացառությամբ ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի:

ԱՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 14 օրվա ընթացքում ՀՀ–ում արձանագրվել է կորոնավիրուսի 24 209 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72%-ով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։