Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՄԵԾԱԾԱԽ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ, ՀԻՄԱ ԷԼ ՄԱՆՐԱԾԱԽ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօրվանից Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրելու. այս մասին երեկ օլիմպիական հանգստությամբ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ասես ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ մեկ այլ պետություն (նույնիսկ մի կողմ թողնենք այն փաստը, որ պետությունն այդ թշնամական է), ներխուժելով ինքնիշխան Հայաստանի տարածք, ոչ միայն ավելի քան կես տարի հրաժարվում է հեռանալ, այլև արդեն իրավունք է վերապահում իրեն մաքսակետ տեղադրել։ Եվ Անվտանգության խորհրդի քարտուղարի համար դա ամենևին նոնսենս չէ, ահռելի սպառնալիք չէ պետության և ժողովրդի անվտանգությանը, այլ այնպես, լոկ տեղեկատվություն, օրվա շարքային նորություն։ Ինչի՞ մասին է դա վկայում։
«Դա վկայում է այն մասին, որ հայաստանյան իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը. ո՛չ քաղաքական իմաստով, ո՛չ էլ պետանվտանգության առումով»,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ։ - Այսինքն դեռ նախքան սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը ադրբեջանցիներն իրենք որոշել են, որ դա իրենց տարածքն է, և ճանապարհն ամբողջությամբ պետք է լինի իրենց վերահսկողության տակ։ Հետևաբար՝ նրանք միանգամայն վստահ են, որ Հայաստանի իշխանությունների հետ ինչ-որ բան քննարկելու, բանակցություններ վարելու ոչ մի հարկ չկա։ Իսկ մեր կապիտուլյանտ իշխանությունները համակերպվել են դրա հետ, նրանք նույնիսկ միջազգային միջամտություն չեն պահանջում այն առնչությամբ, թե ով և ինչպես է որոշել, որ դա մի տարածք է, որտեղ Ադրբեջանը կարող է մաքսային անցակետ դնել։
Այդ որտե՞ղ, ո՞ր հանձնաժողովն է որոշել դա, ո՞ւր է միջպետական պայմանագիրը, ո՞ւր են ճանաչված պետական սահմանները, որտե՞ղ է մաքսազննման մասին համաձայնագիրը: Ոչինչ չկա՛։ Ի պատասխան թշնամու լպիրշ զավթախուժման՝ Նիկոլն ու իր թիմը ինչ-որ մանկական խաղեր են խաղում. իբր՝ եթե դուք այդտեղ մաքսակետ եք դրել, ապա մենք էլ մերը կտեղադրենք այլ տեղում...»։
Մինչդեռ ադրբեջանցիները բացահայտ սադրանքի են գնում, և դա նոր վտանգով է սպառնում հետագայում։ Նրանք գերազանց հասկանում են, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո, որոնց համար հիմք կարող են դառնալ ռուսական բանակի գլխավոր շտաբում պահվող քարտեզները (ինչի մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը), իրենք ստիպված են լինելու լքել հայկական տարածքները, որտեղ այդքան ազատ բնակռել են՝ Փաշինյանի և իր «ուսապարկերի» շնորհիվ։
«Նրանք հասկանում են, որ պետք է հեռանան կամ գոնե հետ քաշվեն սահմանից, այն ճանապարհից, որը ներկայումս իրենց վերահսկողության տակ է,- շարունակում է Ա.Զաքարյանը:- Մինչդեռ, և սա շատ կարևոր է, ադրբեջանցիները նախապես սկսել են պահակետեր դնել, իսկ հիմա՝ նաև մաքսակետ, ինչը նշանակում է ներխուժման լեգալացում, լեգիտիմացում։ Ահավասիկ իրենք արդեն մաքսատուն ունեն Հայաստանի տարածքում, որտեղ գործում են ադրբեջանական օրենքները։ Այսինքն Ադրբեջանը նախապես ռազմավարական կետեր է գրավում։ Վաղը նրանք կասեն. եկեք մենք մնանք այստեղ, իսկ ձեզ, թող այդպես լինի, մի ինչ-որ պատառիկ կթողնենք սարի գագաթին։ Եվ մեր կապիտուլյանտ իշխանությունները կհամաձայնեն. իբր՝ լավ, հո չե՞նք կռվելու ինչ-որ ճանապարհի համար։ Մանավանդ որ ադրբեջանցիներն արդեն տիրոջ պես հաստատվել են այնտեղ և արդեն պետական կարգավորում է գործում։
Այս ողորմելի իշխանությունն արդեն բազմիցս դավաճանել է երկրին, իսկ հիմա խոսքը պետության մանրածախ վաճառքի մասին է։ Եվ դա չափազանց լուրջ է։ Ուշադրություն դարձրեք մեկ այլ աղաղակող միջադեպի. նոյեմբերի 8-ին Ադրբեջանը ահաբեկչություն իրականացրեց Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ, մեկ մարդ սպանվեց, երեքը վիրավորվեցին։ ՀՀ ղեկավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց դրան, բացառությամբ ԱԳՆ-ի ոչինչ չնշանակող հայտարարության։ Եվ սա բնավ եզակի միջադեպ չէ...»։
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքերով՝ Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում. այդպիսի ահաբեկչական գործողությունների միջոցով հասնել Արցախի հայաթափման, գումարած՝ ցույց տալ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հարյուր տոկոսով չի երաշխավորում Արցախի բնակչության խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
«Իսկ մեր իշխանությունները չեն ուզում եվ չգիտեն, թե ինչպես արձագանքել նման միջադեպերին, որովհետև նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ սրիկաներ, որոնք վերածվել են քաղաքական փալասների։ Դրա համար էլ ոչ մի հայտարարություն չեղավ ո՛չ նախագահից, ո՛չ վարչապետից, ո՛չ էլ իշխող խորհրդարանական խմբակցությունից։ Ակտիվ աշխատում է միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բայց առանց պետական ինստիտուտների աջակցության՝ նա շատ բան չի կարող անել։
Հայաստանում մեկնարկեց Դիմադրության շարժումը. դա լավ է։ Բայց ամեն ինչ պետք է արվի շատ արագ։ Եթե ոմանք հոգնել են պայքարել իրենց Հայրենիքի համար, ապա տվյալ իրավիճակում դա հավասարազոր է կապիտուլյացիայի և կապիտուլյացիայի հետ համակերպման: Ընդդիմությունը պետք է գործի բազմապատիկ ավելի կազմակերպված, նպատակաուղղված, պետք է կարողանա հասկացնել յուրաքանչյուր քաղաքացուն, որ խոսքը բնավ իշխանության համար պայքարի մասին չէ, «նախկիններ-ներկաներ» դիմակայության մասին չէ։
Սա հսկայական աշխատանք է, բայց դա, կրկնում եմ, պետք է արվի շատ արագ, որպեսզի փողոց դուրս գա մեր համաքաղաքացիների բավարար թվաքանակ, որոնք գիտակցում են, որ այս իշխանությունների պարագայում երկիրը կանգնած է ինքնաոչնչացման շեմին, և վաղը Հայաստանի Հանրապետություն կարող է պարզապես գոյություն չունենալ։ Ուստի չի կարելի հետաձգել հարցը հաջորդ տարվա, ամիսների, շաբաթների…», - եզրափակեց Արտակ Զաքարյանը։