ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՄԵՂՔԻ ԳԻՏԱԿՑՄԱՆ
Պարտության առաջին տարելիցի առթիվ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռուստահարցազրույցը կարելի է համարել յուրատիպ ինքնախոստովանական ցուցմունք։ Մասնավորապես, բանակաշինությունն իսպառ տապալած վարչապետը Հայաստանում ավանդաբար ամենակայացած կառույցի նախկին պատասխանատուներին է մեղադրում իր իսկ սխալների համար։ Ստի ու կեղծիքի ավանդական ձեռագրի մեջ ինքն էլ մոլորվելով՝ Փաշինյանը հավանաբար մոռացել է, որ 1992-ի ամռանը թշնամին Ստեփանակերտի մատույցներում էր, բայց հայոց զինական ուժն ազատագրեց Արցախը և բեկեց պատերազմի ընթացքը, այն դեպքում, երբ Հայաստանը սոցիալ-տնտեսական աղետալի վիճակում էր։ Իսկ ի՞նչ եղավ իր օրոք։
Մեկուկես ամսվա համառ մարտերից հետո, երբ թշնամու պոտենցիալն ամբողջովին սպառվել էր, շատերին էլ արդեն թվում էր, թե անվերջանալի և հյուծող պատերազմի փուլ ենք թևակոխել, հայկական կողմը հանձնվեց՝ բոլոր տարածքներից հետ քաշվելու պայմանով։ Անձնատվություն ստորագրելուց հետո բնագծերն ամրացնելու, պաշտպանությունն ուժեղացնելու և ինժեներական աշխատանքներ ծավալելու փոխարեն բանակին և աշխարհազորին հրահանգվեց նահանջել անգամ Սյունիքի թիկունքում գտնվող դիրքերից։
Փաշինյանը երբևէ մտածե՞լ է՝ եթե առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ զենք չունեինք, այլ միայն ոգով էինք ամուր, հաղթեցինք, ապա ինչո՞ւ պարտվեցինք մեկ տարի առաջ, երբ ունեինք և՛ զենք, և՛ ոգի։ Առաջին պատերազմի և ապրիլյան մարտերի օրերին մեզնից հրադադար աղերսող Ադրբեջանն այդ ինչպե՞ս հաջողեց մեկուկես ամսում մաշեցնել մեր բոլոր ռեսուրսները, զավթել Արցախի մեծագույն մասն ու ստիպել Հայաստանին կրակի դադարեցում խնդրել։
Չէ՞ որ մեզ ասում էին՝ այս պատերազմը միայն մերը չէ, այլ համայն քաղաքակիրթ աշխարհինը, և տարածաշրջանում պանթուրքական աղեղի ձևավորումը մինչև Չինաստան թույլ չտալու համար միջազգային հանրությունը մեր կողքին է։ Այսքան բանից հետո սեփական զորքն ահաբեկիչներով համալրած Ադրբեջանն այդ ինչպե՞ս հաղթեց:
Փաշինյանի և յուր թիմի քարոզչական թեզերը մեր խոցելիության, անպատրաստ լինելու և թերզինվածության մասին պարզապես ծիծաղելի են՝ հաշվի առնելով այն, որ պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ Սարդարապատում նա հայկական զինուժը բնորոշում էր իբրև «տարածաշրջանում որոշիչ նշանակություն ունեցող ինտելեկտուալ բանակ»։ Զուգահեռաբար՝ նրա ստի կայսրությունն Ադրբեջանի մասին խոսում էր «Կարթագենը պետք է կործանվի» ոճով՝ «Բաքուն պետք է տալ կրակին», «Ադրբեջանը ոսկոր է քաղաքակիրթ աշխարհի կոկորդում», «Անգամ Թուրքիան անզոր է մեր դեմ», «Վարձկանները խուճապահար փախչում են», «Քոչվոր ադրբեջանցիները միայն ոչխար կարող են պահել» և նմանատիպ այլ գոհարներ։
Պարտությունից անգամ մեկ-երկու օր առաջ, ահազանգ հնչեցնելու փոխարեն, պետական քարոզչամեքենան զբաղված էր թշնամու կորցրած տեխնիկայի և կենդանի ուժի հաշվարկներով, պնդում էր, թե ադրբեջանցիների վիճակն այնքան անզոր է, որ արդեն ծովային հետևակ են ուղարկում մեր դեմ։ Մեր առաջատար զինատեսակն, իհարկե, հրետանին էր, որը հրաշքներ գործեց այս պատերազմում, սակայն ո՞վ պետք է պատասխան տա մեր հրետանավորների օդային թիրախավորման համար, ո՞ւր է ՀՕՊ համակարգում աղետալի բացթողումների պատասխանատուն։ Թե՞ դա էլ է նախկինների օրոք արձանագրված բանակաշինության թերացումներից։
Տասնյակ հազարավոր զինվորների կյանքը փրկելու «ազնիվ» նպատակադրումը ստվերո՞ւմ է հազարավոր տղաներին անգթաբար մսաղաց ուղարկելը՝ առանց համապատասխան հանդերձավորման, սպառազինության և զինպատրաստության։ Միևնույն է՝ հայ ռազմիկը մինչև վերջին շունչը պայքարելու էր, ոչ թե ստորացված ապրելու էր, այլ տղամարդավարի զոհվելու։ Ինչո՞ւ, ուրեմն, մեր լուսավոր նահատակների իմաստավորված մահի գնով անգամ հնարավոր չեղավ պահել հայրենիքը։ Եթե Նիկոլ Փաշինյանն այս հարցն ինքն իրեն չի ուղղել, ուրեմն զուրկ է մեղքի զգացումից։