Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան և Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության հարցերով Ֆրանս-ռուսական խորհրդի համագործակցության շրջանակում, հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, համատեղ ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար:
Քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագիրը, մասնավորապես, Եվրագոտու խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Ռուսաստանի համագործակցությունը Թեհրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները սեղմ ժամկետում վերականգնելու համար, տեղեկացնում է News.am-ը: