ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԸ ԲԱՐԻ ԿԱՄՔ ՉԷ, ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կոռուպցիոն սկանդալի վրա ֆիքսվածությունը ցավալիորեն աչքաթող է արել մեկ այլ կարևորագույն կառույցի՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի օրնիբուն աշխատանքը։ 2018-ի իշխանափոխությունից հետո այս հիմնադրամն այն եզակի կառույցներից մեկն էր, որը կարճատև, բայց ինստիտուցիոնալ հիշողության հաշվին բռնեց ժամանակի քննությունն ու տիտանական աշխատանք կատարեց հետպատերազմյան մեկ տարում՝ ճշգրտելու զոհված և վիրավորում ստացած զինծառայողների անունները, կապ հաստատելու նրանց հարազատների հետ և բացելու փոխհատուցման հաշվեհամարներ:

Սա այն դեպքում, երբ Փաշինյանն ու մերձավորները ժամանակին անարգանքի սյունին էին գամում գաղափարի հեղինակին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին՝ պնդելով, թե պետբյուջեի խնայման հաշվին առանց այս հիմնադրամի էլ հնարավոր է զոհվածների և զինհաշմանդամների ընտանիքներին դրամական փոխհատուցումներ տալ։ Եվ այսօր, երբ այդ ընտանիքները փոխհատուցումն ստանում են, երբեմն շնորհակալության զգացմամբ են լցվում Փաշինյանի հանդեպ, մինչդեռ հիմնադրամի աշխատանքը նրա հետ ոչ միայն առնչություն չունի, այլև ճիշտ հակառակը՝ Փաշինյանն ինքն էր այդ հիմնադրամի ընդդիմախոսներից մեկը։

44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, կամավորականների, պահեստազորայինների ընտանիքներն ստանում են 58-ից 82 մլն դրամ՝ զինվորական կոչմանը համապատասխան։ Ավելի քան 3500 շահառուի ընտանիք արդեն իսկ 10 մլն-ական դրամի միանվագ օգնությունն ստացել է, քսան տարի շարունակ էլ ստանալու է ամսական դրամական բավարարումներ։ Պատերազմը դեռ չավարտված՝ հիմնադրամն արդեն սկսել էր փոխհատուցումներ տալ զոհերի ընտանիքներին։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այնքան հմտորեն էր դրված ճիշտ ռելսերի վրա, որ ֆինանսական սղության պայմաններում հնարավոր եղավ փոխհատուցել անգամ երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողներին՝ տալով նրանց զոհերի ընտանիքների համար նախատեսված դրամական փոխհատուցման կեսը։ Բացի այդ, սկզբնապես տրվող միանվագ գումարով ընտանիքն ի վիճակի է լինում հոգալ կերակրողին կորցնելու հետևանքով առաջացած ֆինանսական բացը, ապա քսան տարի շարունակ ամսական փոխհատուցումներ է ստանում։ Ավելին, նախատեսված է այնպես, որ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ստանում է գումարի մի մասը, այսինքն՝ դրամագլուխը բաժանվում է ծնողների, կնոջ և երեխաների միջև, իսկ երեք և ավելի անչափահաս երեխա ունենալու դեպքում ամեն ամիս լրացուցիչ 100 հազար դրամ է տրվում:

Թվում է՝ այս ամենի բաշխումը հեշտ աշխատանք է, մինչդեռ հենց հիմնադրամի մտահղացման և իրագործման ճիշտ մարտավարությունը թույլ տվեց ամենածանր պահին գոնե նյութապես մեղմելու հազարավոր ընտանիքների կորստի ցավը։ Պատերազմի և դրան հաջորդած երկու ամսվա ընթացքում հիմնադրամին Հայաստանից և տասնյակ երկրներից նվիրաբերեցին մոտ 16 մլն դոլար։ Դա էլ, աշխատավարձերից պահվող դրոշմանիշային վճարներին գումարվելով, թույլ տվեց հոգալու սգավոր ընտանիքների կարիքները։

Միակ բանը, որն արեց այս կառավարությունը, դրոշմանիշային վճարի դրույքաչափը բարձրացնելն էր՝ 1000-ից մինչև 1500-ի ու 15000-ի միջակայքում՝ ըստ աշխատավարձի չափի։ Սգակիր ընտանիքների կողքին, այդպիսով, յուրաքանչյուրս ենք՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները, հազարավոր սփյուռքահայեր՝ իրենց նվիրատվություններով։ Սա հայ մարդու բարոյական պարտավորությունն է կյանքի գնով հայրենիքը պաշտպանած զինվորի հանդեպ, որն օրենքի ուժով արձանագրվել է դեռևս 2016-ին։ Այնպես որ՝ զոհերի վիրավորների ընտանիքներին տրվող հատուցումներն իբրև կառավարության բարի կամք ներկայացնելն ուղղակի անընդունելի է և անբարո։