ԻԻՀ. Թուրքիան պատնեշ է կառուցում Արաքս գետի վրա
Իլիսուի թուրքական ամբարտակը կարող է սպառնալ ինչպես Իրանի, այնպես էլ Իրաքի ջրային ռեսուրսներին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ջրային հետազոտությունների բաժնի ղեկավար Ջամալ Մոհամմադ Վալի Սամանին՝ պնդելով տարածաշրջանային ջրերի արդար օգտագործման մասին միջազգային համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով` վերջերս բացված Իլիսուի ամբարտակը, որը մեծությամբ երկրորդն է Թուրքիայում, կարող է զգալիորեն նվազեցնել Եփրատ գետով հոսող ջուրը, ասել է նա։
Սամանին նշել է, որ Իլիսուի ամբարտակի շահագործմամբ թուրքական կառավարությունը կվերահսկի տարածաշրջանի ջրի մեծ մասը և կարող է դա որպես լծակ օգտագործել այլ երկրների դեմ ջրի պակասի կամ երաշտի ժամանակ։
Իրաքյան Քրդստանում Տիգրիս գետի վրա բազմաթիվ ամբարտակներ են կառուցվել, որոնք ապագայում կարող են խնդիրներ ստեղծել Բաղդադի համար։
Ինչ վերաբերում է Իրանի համար թուրքական Իլիսուի ամբարտակի հետևանքներին, նա նշել է, որ դեռ թուրքական ամբարտակի բացումից առաջ իրաքյան կողմից ջուրը, որը հոսում էր Իրանի հարավ-արևմտյան Հուր ալ-Ազիմ ճահճային տարածքներում, Իրաքի հետ ընդհանուր սահմանին զգալիորեն կրճատվել է: Նա հավելել է, որ ջուրը, որը հոսում է իրաքյան կողմում գտնվող Հաուր ալ-Ազիմ ջրաճահճային տարածքներով, ամբարտակի շահագործումից հետո զգալիորեն կնվազի, ինչը կստիպի Իրաքին մեծացնել ճնշումն Իրանի վրա։
«Թուրքիան պատնեշ է կառուցում Արաքս գետի վրա, որը կարող է ամբողջությամբ վերահսկել գետը և լուրջ խնդիր ստեղծել Իրանի և Հայաստանի միջև։ Ընդհանրապես, այդ ջրային նախագծերը Թուրքիան քաղաքական նպատակներով է իրականացնում տարածաշրջանում»,- ասել է նա։
Սամանին նաև նշել է, որ «պատասխան քայլերը պետք է հնարավորինս շուտ հետևեն»։
Նա նաև ասել է, որ Իրանը պետք է համագործակցի Իրաքի հետ՝ Թուրքիայի գործողություններին հակազդելու համար։ Նա կոչ է արել տարածաշրջանում ջրային ռեսուրսների արդար օգտագործման միջազգային պայմանագիր կնքել, տեղեկացնում է News.am-ը: