Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ իրավիճակը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն իրավիճակը կայունացնելուն և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելուն»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին տիրող իրավիճակին։ ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, լեհ սահմանապահների կողմից փախստականների նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունքի վրա։ Տեղեկացնելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միգրացիոն ճգնաժամի շուրջ իր շփումների մասին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագած խնդիրների շուրջ ԵՄ երկրների և Բելառուսի ղեկավարների միջև անմիջական քննարկման նպատակահարմարությունը։
Երկու կողմերն էլ դժգոհություն են հայտնել ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Նշվել է, որ Դոնբասի շուրջ իրավիճակը նույնիսկ վատթարանում է։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Սև ծովում ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների սադրիչ բնույթի վրա, ինչը մեծացնում է լարվածությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Կիևը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի խափանմանը։ Այդ մասին է վկայում վերջերս Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակամարտության գոտում անօդաչու հարվածային սարքերի կիրառումը, տեղեկացնում է News.am-ը։