Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ՀՀ-ՈՒՄ ՉԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ, ՉԿԱ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ԱԱԾ ՊԵՏ ,ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ․ ԿԱ ՓԱՇԻՆՅԱՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ

«ՀՀ սուվերեն տարածքն ամեն օր փոքրանում է։ Այս իշխանությունները պետք է հասկանան հարցի լրջությունը և հեռանան, թույլ տան, որմեր երկրի անվտանգային հարցերը լուծվեն։ Այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տիրող իրավիճակին՝ Արթուր Վանեցյանը կարծիք է հայտնել, որ փաստացի՝ Ադրբեջանի թելադրած օրակարգով սահմանագծում ու սահմանազատում է արվում ադրբեջանցիները գալիս են, կանգնում այնտեղ, որտեղ իրենց պետք է, իսկ ՀՀ իշխանությունները նրանց գործողությունները փորձում են արդարացնել՝ ասելով, իբրև նրանք «իրենց»՝ «ադրբեջանական» տարածքում են։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի փոփոխությանը, ապա, ըստ Արթուր Վանեցյանի, անձերով ոչինչ չի որոշվում, քանի որ Փաշինյանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ համակարգը։

«ՀՀ-ում չկան պաշտոններ, չկա ոստիկանապետ, ԱԱԾ պետ ,Պաշտպանության նախարար կա Նիկոլ Փաշինյան, որն աշխատում է ամեն ինչ։ Մեկ անձի ավտորիտար ռեժիմ է, այլ պաշտոններ գոյություն չունեն, կան ինչ-որ մարդի, որոնք կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումները: Սուրեն Պապիկյանն է, Պողոս Պողոսյանն է, թե մեկ այլ անձ է Պաշտպանության նախարարի կամ մեկ այլ պաշտոնին, որևէ կապ չունի։ Ամբողջի պատասխանատուն, համակարգի անմիջական ղեկավարողը Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծել է նա։

Փաստինֆո