ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԸ ԴԵՌԵՎՍ ԲԱ՞Ց Է
Հայտնի փաստ է, որ 44-օրյա պատերազմում մեր ռազմական պարտության հիմնական պատճառներից մեկը հակաօդային պաշտպանության իսպառ ձախողումն էր։ ՀՕՊ խոտանված միջոցների առկայությունը մեր զինանոցում, դրանց կոորդինատների առեղծվածային հայտնվելը թշնամու մոտ, սպառազինության պլանը նախապես փոխելը և մի շարք այլ հանգամանքներ հարուցված քրեական գործերով բնավ չեն փարատվել, ճիշտ հակառակը՝ գնալով ավելի մեծ կասկածների տեղիք են տալիս։
Ճիշտ է, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է, քանի որ այն համեմատաբար նոր զինատեսակ է, և ԱԹՍ-ների դեմ ամբողջական պաշտպանություն ապահովող միջոցներ չկան։ Սակայն ո՞րն էր պատճառը, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, տեսնելով պատերազմին նախորդած ամիսներին Բաքվի կողմից Թուրքիայից և Իսրայելից աննախադեպ ծավալների ԱԹՍ-ների գնումները, ոչ միայն չուժեղացրեց իր հակաօդային պաշտպանությունը, մի բան էլ կասկածելի գնումներով այն տապալեց՝ ՀՕՊ արդիական միջոցները կա՛մ փոխարինելով այդպես էլ չկրակած կործանիչ ավիացիայի, կա՛մ էլ անսարք ու հնամաշ ՀՕՊ միջոցների ձեռքբերմամբ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն հնչեղ անվամբ կառույցը նախապատերազմական փուլում ի՞նչ արեց սեփական անօդաչուների սերիական արտադրության խրախուսման և այն մեր ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ճյուղ դարձնելու հարցում։ Բացի հակաօդային պաշտպանությունից՝ պարզվեց, որ հայրենական արտադրության ԱԹՍ-ների արտադրությունը գոնե մինչև պատերազմը երրորդական պլան էր մղված։
Մինչդեռ 44-օրյա պատերազմում մեզ արդեն ծանոթ, կոնվենցիոնալ պատերազմներին բնորոշ տրամաբանությունը չաշխատեց։ Մեր բանակի հիմնական հարվածային ուժը՝ հրետանին, և առհասարակ զրահատեխնիկան մի շարք ուղղություններով այդպես էլ չկարողացավ մարտական խնդիր լուծել, քանի որ օդից պարբերաբար խոցվում էր։ Մինչդեռ «Սու-30»-ների վրա ծախսված գումարով որքան հետախուզական և հարվածային անօդաչուներ կարելի էր ձեռք բերել և կիրառել անհրաժեշտ ուղղություններում։
Իսկ պատերազմից ամիսներ առաջ Արցախի նախագահը հայտարարում էր, թե իբր Արցախի օդն ամբողջապես փակ է՝ ի տարբերություն ապրիլյան մարտերի օրերի։ Պատերազմի օրերին էլ ստի քարոզչությունը հավատացնում էր, թե քանի որ սա ոչ թե դիրքային պայքար է, այլ լայնածավալ մարտական գործողություն, չարժե մեր նահանջը դիտարկել իբրև պարտություն, այն ժամանակավոր է, որով խուսափում ենք կորուստներից, և անհրաժեշտ պահին հարձակման հրաման կտրվի։ Ճակատից վերադարձած տղաները միաբերան ասում էին՝ «Օդը փակեք, ու մեր հրետանին հրաշքներ կգործի»։ Իշխանությունն արդարանում էր, թե այդ պնդումները հուզական են, օդը փակել օբյեկտիվորեն հնարավոր չէ, իսկ մեր կորուստներն ու նահանջները ոչ թե անկատար ՀՕՊ համակարգի, այլ իբր զորքի դասալքության պատճառով են։
Ի վերջո, այս պատերազմում ուշագրավ էին ոչ միայն ԶՈՒ մշտական տեղակայման վայրերի, դիրքերի և հենակետերի, այլև թիկունքի ու քաղաքացիական բնակչության վրա թշնամու հարձակումները։ Վարդենիսից մինչև Մեղրի, Աբովյանից մինչև Կապան հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ների թիրախը ոչ միայն ռազմական օբյեկտներն էին, այլև խաղաղ հայ բնակչությունը։ Սա անգամ այն դեպքում, երբ զորամասերը բնակավայրերից առանձնացված էին տեղակայված։ Մեր հանրությունը, նախևառաջ՝ ՔՊ-ի ընտրազանգվածն այսօր հիշո՞ւմ է մեկ տարի առաջ Երևանի մերձակայքում թռչող թշնամական ԱԹՍ-ների մասին։ Եվ վստա՞հ է, որ այս անգամ մեր երկինքը հուսալիորեն պաշտպանված է։