2021-11-16 17:44
Լրատվական գործակալություններ
Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ԶՈւ-ի ներխուժելու մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և խոսել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։
Լույոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ:
Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: