ՊՆ․ Ադրբեջանցիները 12 հայ զինծառայողի են գերի վերցրել

Ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` զինծառայողներից 7-ը պայմանագրային են, 5-ը` ժամկետային։

Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են»,– նշում է ՊՆ-ն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։