ՀՀ ՊՆ․ Թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի

Նոյեմբերի 16–ին Սյունիքում իրադրության սրման հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

ՊՆ–ն նաև նոր թվեր է հրապարակել Ադրբեջանի ծավալած ռազմական գործողութոյւնների արդյունքում հայկական կողմի կրած վնսների մասին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` մեր բանակն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։

Հակառակորդի վերահսկողության տակ է մնացել երկու մարտական հենակետ։ ՀՀ ՊՆ տվյալներով, Ադրբեջանն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։