Ադամ Շիֆ․ ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը:

Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը, տեղեկացնում է News.am: